Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անեմ, և սալահատակի վրա կընկնի իմ անշնչացած դիակը»։ Այդ վայրկյանին նրա գլուխը պտտեց, նա սարսափած հետ քաշվեց։ Միևնույն վայրկյանին նա յուր մեջքի վրա զգաց մի սառնություն, և նրա մարմնով անցավ թեթև դողոց։ Զով օդի ազդեցությունն էր այդ, որ մինչև այդ րոպեն ախորժելի էր նրա համար։ Նա պատուհանի փեղկը ծածկեց և հեռացավ դեպի սենյակի ներսը։

Մի ժամ անցած, Վարվառեն մտավ անկողին։ Տաք վերմակի ներքո մեջքի սառնությունն ավելի զգալի դարձավ, նա սկսեց դողալ։ Երկու ամբողջ ժամ տենդից նրա ատամները սաստիկ զարկվում էին իրար։ Հետո նա զգաց ախորժելի ջերմություն և թմրեց։

Առավոտը Վարվառեն, զարթնելով, կամեցավ հագուստը հագնել։ Բայց դեռ անկողնից չբարձրացած, նրա գլուխը սաստիկ պտտեց, և նա անզորացած կրկին պառկեց։ Ոտից ցգլուխ նա զգում էր անհաղթելի թուլություն, իսկ ոսկորների մեջ մի ծանր ցավ։ Մի ժամ անցած, ներս մտավ աղախինն, իմանալու, թե տիրուհին կկամենա՞ արդյոք, երեսը լվանալ։ Պառավը զարմացավ, երբ տեսավ, որ տիրուհին դեռ պառկած է, այնինչ նա սովորաբար զարթնում էր ամենից վաղ։

— Պարոնն արդեն թեյ է խմել և յուր սենյակումն է,— հայտնեց պառավը։

— Շա՛տ լավ․․․ հավաքի՛ր սեղանը, Մատրենա, ես թեյ չեմ խմելու,— ասաց Վարվառեն, աչքերը դժվարությամբ դարձնելով դեպի աղախինը։

— Ինչո՞ւ․․․ Տեր աստված․․․ դուք, կարծես, հիվանդ եք, տիրուհի,— գոչեց պառավը, մոտենալով նրան և համարձակ յուր աջ ձեռը դնելով նրա ճակատին։— Իսկ և իսկ հիվանդ եք, տիրուհի, աչքերդ կարմրած են, ճակատդ կրակի պես այրվում է։ Գնամ, այս րոպեիս Մինաս Կիրիլլիչին ասեմ։

— Կա՛ց, Մատրենա, ո՛չ, մի՛ ասիր, ես․․․ ոչինչ․․․ մի քիչ թույլ եմ, շուտով կվերկենամ․․․ Դու գնա, ջուր բեր, որ երեսս լվանամ․․․

Աղախինն իսկույն կատարեց նրա հրամանը։

Վարվառեն նստեց անկողնի մեջ, աշխատելով զսպել յուր թուլությունը։ Քանի մի անգամ այտերն և ճակատը սառը ջրով շփելով, նա անզորացած դարձյալ պառկեց, երեսը դարձրեց պատին և աղախնին ձեռով նշան արավ, որ հեռանա։