Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի՞նչ անել մի զարհուրելի հանդիմանության դեմ։ Դա Ռոստամյանի վշտահար պատկերն էր, որ, կանգնած նրա աչքերի առջև, վերջին հուսահատությամբ գոչում էր․ «Իսկ ե՞ս, մի՞թե դու, որ այդքան ցավում ես մի ծերունու հանգստության համար, պիտի զոհե՞ս մի երիտասարդ կյանք»։

Ահա ինչու Վարվառեն, վճռած լինելով հետևել հորը, միևնույն ժամանակ, տակավին տատանման մեջ էր։ Ի՞նչ կանի Ռոստամյանը, կարո՞ղ է կրել այդ հարվածը, կարո՞ղ է մոռանալ։

Այս մտքերից տանջվելով, Վարվառեն մի երեկո անցուդարձ էր անում յուր սենյակում, բարակ տնային չթյա հագուստով։ Պատուհաններն ու դռները փակ էին, դրսում եղանակը հով էր, իսկ սենյակի մթնոլորտը ծանր էր և տաք։ Նա բաց արավ փողոցի կողմի պատուհանի փեղկերից մինը, կանգնեց երեսը դեպի դուրս մի փոքր մաքուր օդ ներշնչելու։ Փողոցային օդի հով հոսանքը թեթև շոշափեց նրա տաքացած գլուխն ու կիսաբաց կուրծքը, նա զգաց արթնացուցիչ զովություն։

Երեկոն դեռ այնքան ուշ չէր, լսվում էին ձիաքարշի զանգակների հնչյունները, հեռվում անցուդարձ անող կառքերի դղրդյունը և մարդկային խուլ ձայները։ Իսկ ավելի հեռվից թույլ կերպով լսվում էր գարնանային հեղեղներից և լեռնային ձյուների հալոցից հորդացած Քուռ գետի սուր հոսանքը։ Մի ինչ-որ գրավիչ և, միևնույն ժամանակ, ահավոր ազդեցություն էր անում Վարվառեի վրա ընթացող ջրի ձայնը, որ լսվում էր խավար մթնոլորտի մեջ։ Բավական միջոց նա, անշարժ կանգնած, ականջ էր գնում այդ ձայնին։ «Ո՛րքան դժբախտների կյանք է կլանել այդ Քուռը»,— անցավ հանկարծ նրա մտքով։ Նա գլուխը դուրս հանեց պատուհանից, որ այլ աղմուկների միջից ավելի որոշ լսի Քուռի հոսանքը։ «Ի՛նչ սարսափելի ձայն ունե, շարունակեց նա յուր մտքում, ջրերը շատացել են, ալիքները պղտոր են և կատաղած․․․ Սի րոպեում կարող են խեղդել․․․ Ահա՛ որտեղ կարելի է հանգստություն գտնել։ Մի րոպե, և ամեն ինչ կվերջանա»․․․

Նա դեռ ականջ էր գնում, մի վայրկյան նա մտիկ արավ դեպի վայր, փողոցի սալահատակին, որ հազիվ հազ երևում էր։ «Ինչո՞ւ Քուռի մեջ․ մահը այստեղ էլ հեռու չէ ինձանից, մի թեթև շարժում