Էջ:Shirvanzade I hator.djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մատրենան ասաց, որ դուք տկար եք։

— Ո՛չ, ես տկար չեմ․․․

Վարվառեն, վերջին խոսքը չավարտած, վերմակը քաշեց երեսին։

— Եթե հիվանդ եք, թողեք ուղարկեմ բժշկի հետևից,— ասաց հայրը, մի քայլ ևս մոտենալով։

— Բժի՞շկ։ Հարկավոր չէ, չեմ ուզում, իսկույն կանցնի, ես վեր կկենամ, շնորհակալ եմ․․․

— Թաքցնելը զուր է․ հիվանդին բժիշկ է հարկավոր,— ասաց Մինաս Կիրիլլիչն և դուրս գնաց։

Կես ժամ չանցած, նա վերադարձավ, իրանից առաջ ներս թողնելով մի միջահասակ, սափրած և չեչոտ երեսով առույգ, ավելի քան հիսուն տարեկան մարդու, ալեխառն մազերով։

Դա քաղաքի հայտնի հայ բժիշկներից մեկն էր։

Բժիշկը խրոխտ քայլերով մոտեցավ հիվանդի մահճակալին և, ուրախ-ուրախ հետը խոսելով, զննեց երակը, նայեց երեսին և սկսեց հարց ու փորձ անել։ Հետո նա խորհրդավոր դեմքով, լուռ մոտեցավ գրասեղանին, գրեց հարկավոր դեղերը, մի քանի խիստ պատվերներ տվեց և գնաց, խոստանալով կրկին այցելել։

Դեղերն ընդունելուց հետո, իրիկնադեմին Վարվառեի տաքությունը քառասուն աստիճանից անցավ։ Բժիշկն եկավ և այս անգամ ուրիշ դեղեր նշանակեց։

Մինչև ուշ գիշեր հիվանդը սաստիկ տաքությունից զառանցում էր։ Մահճակալի մոտ ծառայում էր Մատրենան, իսկ Մինաս Կիրիլլիչը սենյակի մի անկյունում լուռ նստած, լսում էր դստեր զառանցանքը։ Եվ նա հիվանդի անկապ արտասանած խոսքերի ու դարձվածների մեջ լսում էր մերթ Ռոստամյանի անունը, մերթ ազգանունը։

— Արդյոք, իսկապե՞ս հիվանդ է, թե՞ կեղծում է,— անցավ մի վայրկյան ծերունու մտքով։ Բայց երբ հիշեց բժշկի լուրջ դեմքը և խորհրդավոր ժպիտը, նրա կասկածը փարատվեց։ ․

Տաքությունը տևեց հինգ օր։ Բժիշկը շարունակ օրն երկու անգամ այցելում էր և միշտ դուրս էր գալիս տխուր դեմքով։ Վեցերորդ օրը տաքությունն սկսեց նվազել։ Հետևյալ օրն առավոտը