Վարվառեն ասաց բժշկին, թե առողջ է զգում իրան և խնդրեց, որ վերջինը թույլ տա իրան վեր կենալու։ Բայց բժիշկը պատվիրեց պառկած մնալ մի քանի օր ևս։ Սակայն Վարվառեն հետևյալ օրն արդեն ոտքի վրա էր։ Բժիշկը, տեսնելով, որ յուր պատվերն արհամարհում է հիվանդը, բարկացավ, հանդիմանեց և հայտնեց, թե այլևս յուր այցելությունը ավելորդ է, քանի որ հիվանդն իրան բոլորովին առողջ է զգում։ Մինաս Կիրիլլիչը նրա վարձը տվեց և ճանապարհ դրեց։
Այսպես թե այնպես, Վարվառեն ոտքի վրա էր։ Իսկ Մինաս Կիրիլլիչը ճանապարհի պատրաստություն էր տեսնում։ Սպասած փողը նա արդեն ստացել էր։ Մի առավոտ նա առաջարկեց Վարվառեին՝ իրերը կապկապել, որպեսզի երկու օրից հետո պատրաստ լինին առավոտը կանուխ ճանապարհ ընկնելու։ Ծերունին արդեն պատվիրել էր կահ-կարասիքի տիրոջը, որ այդ օրը գա և տանե յուր ապրանքը։ Իսկ դաշնամուրը պիտի տանեին ուղևորության նախընթաց օրը։
Եվ Վարվառեն զբաղված էր յուր իրեղենները տեղավորելով, երբ Մատրենան ներս մտավ և լուռ, դողդողալով հանձնեց նրան Ռոստամյանի նամակը։
— Ո՞վ տվեց,— հարցրեց Վարվառեն, որ մինչ այդ րոպե դեռ ծանոթ չէր Ռոստամյանի ձեռագրին։
— Այն երիտասարդ պարոնը,— պատասխանեց աղախինը, ձեռով ցույց տալով դիմացի բնակարանը։
Վարվառեն թուլացած նստեց աթոռի վրա և ձեռով աղախնին նշան արավ, որ դուրս գնա։ Նա ծրարը դողդոջուն մատներով բաց արավ և նամակր կարդաց։ Նամակը համառոտ էր և խիստ ազդու։ Մի քանի րոպե, հոգնած գլուխը դեպի ուսը թեքած, թույլ ձեռները ծնկների վրա դրած, Վարվառեն տատանվում էր — ընդունե՞լ Ռոստամյանին, թե՞ մերժել։
Նամակի տողերը հուսահատություն էին ներշնչում. նա գրված էր հոգեկան ամենավշտալի դրության մեջ։ Մի անգամ և միայն մի անգամ Ռոստամյանը տեսակցություն էր խնդրում։
— Նա լսել է իմ գնալն և հույս չունի ինձ տեսնելու,— ասաց Վարվառեն,— ոչ, ես չեմ կարող այսպես սառն անջատվել նրանից․