հուսահատությունը նրան կսպանի։ Ես նրան սիրտ կտամ․․․ Պիտի կատարել նրա վերջին և միակ աղաչանքը։
Բայց ի՞նչպես, ո՞րտեղ նշանակել տեսակցությունը։ Հայրը տնից դուրս չի գալիս, ուրեմն Ռոստամյանն ինքը գալ չի կարող, մի՞թե Վարվառեն ինքը պիտի գնա նրա մոտ։ — Ոչ այս, ոչ այն։
Նույն օրը, նույն գիշերն և հետևյալ օրը մինչև երեկո Վարվառեի միտքը միմիայն այս կետի վրա էր կենտրոնացած․ միևնույն ժամանակ, նա շարունակում էր կապկապել յուր հագուստեղենները։ Իրիկնադեմին եկան, դաշնամուրը տարան։ Մնում էր երկու գիշեր և մի ցերեկ, այնուհետև Ռոստամյանին տեսնել այլևս անկարելի էր։ Սինաս Կիրիլլիչը ճեպակառքի տոմսակներն արդեն վերցրել էր երրորդ օրվա առավոտյան գնացքի համար։ Հետևաբար — կամ այս գիշեր, կամ վաղը։ Բայց ինչո՞ւ համար է ուզում տեսակցել Ռոստամյանը, չէ՞ որ այլևս ուշ է։
Վարվառեն մերթ պահարանից յուր ճերմակեղենները դասավորում էր ճանապարհորդական սնդուկի մեջ, մերթ անց ու դարձ էր անում։ Երբեմն նա կանգնում էր լուսամուտի առջև և նայում էր դեպի պատշգամբ։ Գավթի բնակիչները ըստ երևույթին քնած էին․ այրիի լուսամուտներում լուսո նշույլ չէր երևում, նույնպես և խոհանոցում։ Գիշերվա կեսն էր։ Քնած էր Մինաս Կիրիլլիչը, թե արթուն — հայտնի չէր, միայն նրա սենյակից ոչ մի ձայն, ոչ մի շշուկ չէր լսվում։
Հանկարծ, դեպի դուրս նայելու միջոցին, Վարվառեն պատշգամբի վրա նշմարեց մի սև պատկեր։ Նա, որի զգայնությունը, վերջին անցքերի ազդեցության ներքո, ավելի նրբացել էր, երկյուղած փակեց դռները, հետ դարձավ և սկսեց ականջ դնել դեպի դուրս։
Մեկը դրսից ապակուն երկու անգամ խփեց։ Վարվառեն սիրտ արավ լուսամուտին մոտենալ և լսեց մի թեթև ձայն, որ արտասանեց նրա անունը։ Նա, դողդողալով, փեղկերից մեկը բաց արավ և երես առ երես հանդիպեց Ռոստամյանին։
— Ես եմ, մի՛ վախենար,— շշնջաց Ռոստամյանի ձայնը։
Վարվառեն վայրկենաբար ենթադրեց, որ ավելի վտանգավոր է դրսից խոսելը։ Նա բաց արավ դռները, ներս թողեց Ռոստամյանին։