Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարծես, կամենալով ցույց տալ, թե շատ էլ բռի շինականներից չէ ինքը։

Գործակատարը տվեց նրան արշինն ու մահուդը։ Գյուղացին չափեց։ Դուրս եկավ ուղիղ չորս ու կես արշին։

— Տեսնո՞ւմ ես, հենց ասում ես, «սուտ ես ասում»։ Աղբեր, էսպես ժուլիկություն կլինի՞, որ դուք եք անում, — ասաց գյուղացին ձայնը բարձրացնելով։

Մակար աղան, հեռվից տեսնելով, իմացավ բանն ինչումն է և մոտեցավ գյուղացուն։

— Հը՛մ, ի՞նչ է, ապեր, ինչի՞ ես ղալմաղալ բարձրացրել։

— Ինչ անեմ, որ ղալմաղալ չանեմ, աղա, գործակատարդ մահուդս պակաս է կտրել, հինգ արշինի տեղ չորս ու կես է տալիս։

— Իմ գործակատարն այդպիսի ղալաթներ չի անիլ, մտածիր ինչ ես ասում։

— Աղա՛, չես հավատում, ա՛ռ, ինքդ չափիր։

— Տուր տեսնեմ։

Մակար աղան առավ մահուդն ու արշինը և գործակատարի երեսին մի տեսակ խորհրդավոր հայացք ձգեց։ Վերջինը նույն տեսակ հայացքով պատասխանեց նրան։

— Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, սա էլ քեղ փեշքեշ, — ասաց Մակար աղան, չափելով մահուդը և մի քառորդ արշինի չափ էլ հինգ արշինից ավելի ցույց տալով գյուղացուն, մոտեցրեց մինչև նրա քիթը։ — Չե՞ս ամաչում, որ սուտ ես ասում, ապեր։

Բայց «ապերն» այն ապերներից չէր, որ հեշտությամբ ձեռք քաշեր Մակար աղայից։ Նա կրկին վերցրեց արշինն և սկսեց չափել մահուդը։

— Մեկ, երկու, երեք, չորս, էս էլ քեզ ավելի աղա, մտիկ տո՛ւր, չե՞ս ամաչում, որ սուտ ես ասում։

Մակար աղան բարկացավ։ Գյուղացու հանդգնությունն նրան խիստ վիրավորեց։ Բայց այս անգամ զսպեց իրան։

— Ուրեմն դու քո էդ տրեխներով, ուզում ես ինձ խաբեբա շինել, էլի, — ասաց նա, աչքերը չռելով։

— Տրեխներով եմ, թե չաքմեքով — էդ քո բանը չէ, ես հախս եմ ուզում։