Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամեն օր նա անհամբեր, դառն տանջանքով, սպասում էր, մինչև որ տանտիրուհին լուր կբերեր հիվանդի մասին։

Վերջին օրերը նա դարձյալ տանից դուրս չէր գալիս, բացի այն դեպքերից, երբ իշխանավորի կողմից կանչվում էր։ Իշխանավորն առաջին անգամ նրան մի թեթև ակնարկ արավ, թե շատ է ուշացնում յուր աշխատությունն, երկրորդ անգամ ուղղակի նկատողություն արավ, իսկ երրորդ անգամ սաստիկ հանդիմանեց։

Այս տեսակցությունների ժամանակ Ռոստամյանն յուր իշխանավորի և պաշտոնակիցների մոտ տարօրինակ էր պահում իրան։ Մինչ գործերի մասին նրանից տեղեկություններ էին պահանջում, նա, կարծես, չէր լսում իրան առաջարկված հարցերն և մի անգամ տված հարցը կրկնել էր տալիս կամ ապշած նայում էր իշխանավորի երեսին։ Կային այնպիսի համարձակները, որ ուղղակի իրարու մեջ սկսեցին խոսել, թե նրա ուղեղը վնասվել է։ Այս կարծիքն, ինչպես աշխարհի բոլոր չար լուրերը, կայծակի արագությամբ տարածվեց Ռոստամյանի մասին նրա բոլոր պաշտոնակիցների շրջանում և հետո, իբրև մի ստույգ իրողություն, սկսեց անցնել փողոց։

Վերջապես, մի անգամ ևս Ռոստամյանին կանչեցին և մի քանի օր ժամանակ տալով, պարտավորեցրին այս անգամ գործն անպատճառ ավարտել և ներկայացնել։ Հակառակ դեպքում սպառնում էին զրկել նրան յուր պաշտոնից։ Բայց ո՛ւր․․․ Ռոստամյանն ոչ միայն աշխատելու, այլև գործի մասին մտածելու կարողություն ու ցանկություն չուներ։

Նրան զրկեցին պաշտոնից, գործերն առան և հանձնեցին մի ուրիշ պաշտոնյայի։ Ռոստամյանն հարվածն ընդունեց ամենայն անտարբերությամբ։

Ի՞նչ օգուտ այսուհետև պաշտոնից և գործից և ո՞ւմ համար, քանի որ նրա գոյության նեցուկը օրըստօրե խախտվում ու քայքայվում է։

— Նատալիա Պետրովնա, միթե հույս չկա՞, որ նա առողջանա։

— Աստծուն է հայտնի, որդի․․․

Եվ Ռոստամյանը գլուխը քաշ էր գցում հուսահատ ու լռում։