հաշտվի, աղջկա կողմից ներողություն խնդրեց, մեղադրեց Կատոյին և, վերջ ի վերջո, փեսայի համառությունը կոտրեց, հետը տարավ յուր տունը, ուր Կատոն անհամբեր սպասում էր։ Նրանք միասին ճաշեցին։ Հաշտությունն ավելի ամրացնելու համար, Նատալիան նրանց ստիպեց երեք անգամ համբուրել մեկզմեկու։ Սակայն այրին դարձյալ տխրեց։ Ով գիտե, թե ինչ անցավ նրա մտքով, տեսնելով յուր աղջկա դյուրափոխությունը․․․
Մինչ մարդ ու կին, ճաշից հետո, կես լուրջ և կես կատակի ձևով հանդիմանում էին միմյանց, Նատալիան շտապեց Վարվառեի մոտ։ Կես ժամ անցած վերադարձավ այնտեղից, այս անգամ ավելի տխուր։
— Ինչպե՞ս է,— հարցրեց Կատոն։
Այրին, լուռ, գլուխը խորհրդավոր կերպով շարժեց։ Հաշտված ամուսինները վերադարձան իրենց տուն։ Այրին անմիջապես գնաց Ռոստամյանի մոտ։ Սա, սենյակի մի անկյունում նստած, գլուխը կրծքին քաշ արած, մռայլ հայացքը բևեռել էր հատակի մի կետին։ Տեսնելով տանտիրուհուն, սթափվեց, բայց տեղից չշարժվեց։ Արդեն նա պատրաստված էր վերջին սարսափելի հարվածն ընդունելու։ Այրին հանդարտ քայլերով մոտեցավ և նստեց սեղանի մոտ, հառաչելով և «ախ ու վախ» քաշելով։
— Այնտեղի՞ց եք գալիս, Նատալիա Պետրովնա,— հարցրեց Ռոստամյանը։
— Կես ժամ առաջ այնտեղ էի,— պատասխանեց այրին և, շրթունքները սեղմելով, քթի ծակերով ներս շնչեց օդը։
Ռոստամյանը մի հարցական հայացք ձգեց տանտիրուհու վրա։
— Աստված ողորմած է, որդի․— ասաց այրին,— բժիշկն այնտեղ էր, էլի հույս է տալիս։
— Խոսո՞ւմ է։
— Ինչու չէ, մեկ-մեկ խոսում է։ Ինձ տեսնելիս խիստ ուրախանում է, ձեռս, միշտ բռնած, բաց չի թողնում, քանի որ մոտը նստած եմ վինում։ Է՛հ, ինչ ասեմ, տա աստված, որ առողջանա խեղճ կնիկը, ես խոմ նրան իմ որդուս չափ սիրում եմ։ Ո՞վ ունի նրա հոգին ու սիրտը։ Նա բարի է, հրեշտակի պես։ Տեր աստված,