Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչպես երկու անշարժ իստուկաններ։ Հիվանդի հորդոր շնչառության ձայնը որոշ հասնում է ծերունու ականջին, և նա լսում է միմիայն այդ շնչառությունը։ Նրան թվում է, որ հետզհետե այն թուլանում է, երբեմն բոլորովին անլռելի է դառնում։ Այդ վայրկյանին նա, տեղից քիչ բարձրանալով, նայում է աղջկա մեռելագույն դեմքին։ Հանկարծ հիվանդն երկարատև հառաչում է, գլուխը շարժում է դեպի այրիի կողմն և զարթնում․․․

Ամենքը սթափվում են իրանց անշարժությունից։ Ծերունին մոտենում է, ձեռը մեղմիկ դնում է աղջկա ձեռի վրա և սկսում է խոսել նրա հետ։ Հիվանդը մտիկ է տալիս նրա երեսին անթարթ աչքերով։ Սարսափելի և գերբնական հայացք։ Վարվառեի աչքերն, այն խոշոր, կենսալի, մելամաղձոտ աչքերը, մի տարօրինակ ազդեցություն են ստացել, բիբերն ապակու պես փայլում են, իսկ սպիտակուցն ավելի սպիտակել է և, կարծես, ոսկորի պես կարծրացել։

Ծերունին երկյուղածությամբ նայում է այրիի երեսին։ Սա շոշափում է Վարվառեի ոտները, ձեռով խորհրդավոր նշան է անում և շտապով վազում դուրս։

— Մի բաժակ կա՜թն,— լսում է ծերունին Վարվառեի ձայնը — մի ձայն, որ, կարծես, անդունդի խորքից է գալիս։

Ծերունին կաթով լի բաժակը մոտեցնում է աղջկա բերանին։ Նա մի քանի կաթիլ խմում է ու բաժակը զզվանքով հեռացնում իրանից, արտասանելով․

— Դա ջուր է։

Մահվան առաջին հաղթությունը․ նա արդեն սպանել է հիվանդի հինգ զգայարանքներից մեկը — ճաշակը։

— Վա՜րիա,— գոչում է ծերունին բոլորովին հուսահատված և թեքվում է, որ համբուրի դստեր պարզ-հողագույն ճակատը։

Վարվառեն, լուռ, ձեռները տարածում է աջ ու ձախ։ Հայրը և դուստրը համբուրվում են։

Երկար և երկար ժամանակ ծերունին չի բաժանվում աղջկանից, մինչև որ մեկը բռնում է նրա թևից։

Ծերունին հետ է նայում և տեսնում է սևազգեստ, բարձրահասակ, սպիտակ միրուքով անձնավորության, որ ինչ որ շշնջալով