Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է Վարվառե, Վարվառե և չոքում է մահճակալի առջև։

Կարծես, մոռանալով, որ կանգնած է մահամերձ դստեր մահճակալի մոտ, ծերունին ուժգին բռնում է երիատասարդի օձիքից։ Նույն վայրկյանին Վարվառեն յուր կիսամար աչքերը հառում է հոր երեսին։ Բոլոր ներկա եղողները շվարած հետևում են լուռ, տարօրինակ տեսարանին, նկատում են աղջկա հայացքը, բայց ոչ ոք չի հասկանում, արդյոք, նա հանդիմանում է հորը, թե խնդրում է ձեռք չտալ ծնկաչոք ողբողին։ Միայն ծերունու ձեռները թուլանում են․ նա բաց է թողնում Ռոստամյանին։

Մահամերձ դստեր վերջին հայացքը թափանցում է նրա սրտի խորքը, որ այնտեղ մնա առ միշտ, որպես մեղապարտ հոր հավիտենական ընկեր․․․

Պարզ է, որ Վարվաոեն ճանաչում է Ռոստամյանին։ Եվ քանի մի վայրկյան նրա արյունաքամ, սպիտակ մեղրամոմի գույն ընդունած շրթունքները շարժվում են, անմիտ հայացքը բևեռվում է վերջինի դեմքին։ Այնուհետև երեսը կրկին դարձնում է դեպի պատը, աչքերը փակում է, և այս անգամ․․․ հավիտյան․․․ Այրին յուր ձեռի թաշկինակը սեղմում է նրա աչքերին, ապա նույն թաշկինակով կապում է ծնոտը․․․


――――――――――――


Հետևյալ օրը շաբաթ էր։ Վարվառեի թաղումը հետաձգեցին կիրակի օրվան։ Մինաս Կիրիլլիչն իբրև պանդուխտ, Թիֆլիսում բարեկամներ և ազգականներ չուներ։ Նրա դստեր թաղման հանդեսին, բացի ընդամենը չորս հոգուց, ուրիշ ո՞վ պիտի մասնակցեր մի հասարակ օր։ Այնինչ, կիրակին տոն օր է․ բարեպաշտ մարդիկ թեև շատ քիչ թվով, բայց և այնպես այդ օրն են միայն եկեղեցի գալիս։ Եթե չեն լինի այնպիսի մարդասերներ, որ պանդխտի դագաղն ուղեկցեն մինչև Խոջիվանքի գերեզմանատուն, գոնե եկեղեցին շատ էլ դատարկ չի լինիլ պատարագի ժամանակ։

Այսպես էր մտածում այրի Նատալիան, որին ծերունին խնդրել էր կարգադրել այնպես, ինչպես ինքը կամենում է և ինչպես պահանջում են տեղային ավանդությունները։