Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առավոտյան տասը ժամին դիակը տարան եկեղեցի։ Այդտեղ բավական թվով հանդիսականներ կային, որոնցից շատ քչերն Էին լսել Քիրիշչիև ազգանունը։ Կանանց դասի առջև կանգնած Էին այրի Նատալիան և աղջիկը։ Պատարագից հետո, երբ սկսեցին հոգեհանգիստը, այրին արտասվեց։ Շատ կանայք հետաքրքրվեցին, թե ինչու է նա արտասվում և ով է հանգուցյալը։ Կատոն մեջ մտավ և սկսեց պատմել հանգուցյալի մասին, հարկավ, չմոռանալով հիշել և՛ Ռոստամյանի անունը։ Պառավները ցավակցություն արտահայտեցին և կամեցան տեսնել հանգուցյալի դժբախտ հորը։ Կատոն ցույց տվեց։ Ծերունին, ձեռները կրծքին դրած, գլուխը աջ ուսին թեքած, կանգնած էր քահանաների շարքում, աչքերը հառած դագաղի վրա։ Նա չէր լալիս և ոչ էլ անգամ հառաչում։ Արտասուքը վաղուց չորացել էր նրա աչքերում․․․

Երբ Կատոն հիշում էր հանգուցյալի կյանքի վերջին անցքերը, երիտասարդ կանայք, գլուխները վշտակցությամբ աջ ու ձախ շարժելով, հառաչում էին։ Մեկը մինչև անգամ արտասվեց և խնդրեց Կատոյին, որ ցույց տա Ռոստամյանին։ Կատոն աչքերով որոնեց երիտասարդին։ Ռոստամյանը չէր երևում։

Պատարագը վերջացավ, դագաղը դուրս տարան։ Այրիի պատվերով, Բեզիրգանովը հրավիրել էր համքարների երկու խումբ, բերել էր տվել քաղաքի ամենաընտիր դիակառքը, դագաղը լցնել էր տվել վարդերով, խուփը զարդարել էր տվել թարմ ծաղիկներով։ Մի խոսքով, այրին աշխատել էր, որ թաղումը շատ էլ անշուք չլինի։

Կանայք ցրվեցին իրանց տները։ Այրին անթիվ անգամ համբուրեց հանգուցյալին, հեկեկաց և, կարծես, չէր ուզում բաժանվել նրանից, որպես թե յուր հարազատ զավակը լիներ։ Կատոն նույնպես համբուրեց Վարվառեի դիակը, արտասվեց նա, թե չէ, բայց, նայելով աջ ու ձախ, աչթերը ծածկեց յուր ձեռի գեղեցիկ բատիստյա թաշկինակով․․․

Բարեպաշտ մարդիկ դագաղը մի փոքր տեղ ուղեկցեցին և, շուտով հոգնելով, երեսները խաչակնքեցին ու հետ դարձան։

Օրը պարզ էր, եղանակը բավական զով, գիշերը հորդառատ