ինքս ինձնով հիանում էի և զարմանում։ «Ահա ինչ ասել է փող, մտածում էի, մարդուս բոլորովին փոխում է, ինչպես էի առաջ և ինչպես եմ այժմ։ Հիմա ո՞վ կարող է ասել, որ ես կոշկակար Սարգսի տղան եմ։ Չէ, ով ինչ ուզում է թող ասե, իսկ ես կասեմ, փողը շատ լավ բան է և նրան ձեռք բերելու համար ամեն տեսակի միջոցներ գործ դնել արժե։ Բայց ինչպես ձեռք բերել փող աշխատելու հնարը, ինչպես։ Մակար աղան յուր խելքով չի աշխատում փող, այլ հենց փողի միջոցով։ Ուղիղ էր ասում հայրս, թե «փողը փող է աշխատում, իսկ ղոչաղ տղան գլուխն է քորում»։ Բայց, ինչևիցե, շտապել հարկավոր չէ, ես դեռ փոքր եմ, ժամանակ շատ կա, կարող եմ մի օր ես էլ մարդ դառնալ։
Մակար աղան սովորություն ուներ մագազինում բացված հակերից մնացած թոկերի կտորտանքը, փսիաթներ կամ կոտրտված արկղները էժան գներով տալ գործակատարներին, որպեսզի սրանք, աշխատանքով ծախելով, շահվեն։ Սովորաբար այս շահը Մակար աղան հանձնում էր այն գործակատարներին, որոնք երկար տարիներ հավատարմաբար ծառայել էին։ Այդ բանը շատ շահավետ էր։ Պատմում էին, որ շատ գործակատարներ այսպիսով զանաղան մեծ մագազիններում բավական գումար են վաստակում։ Մակար աղայի մագազինում այդ արտոնությունն ունեին Գրիգորն և մի ուրիշ գործակատար, որն ամենից հինն էր։ Հույս դնել եկամտի աղբյուրի վրա — իմ կողմից ապարդյուն կլիներ։ Բայց և այնպես, պակաս չէի մտածում նրա մասին, և նախանձում էի Գրիգորին ու այն մյուս գործակատարին։ Պետք է ասած, որ այն օրից, երբ ես մտել էի աղա Գուլամյանցների մագազինը, մի անգամ իմ մեջ կենդանություն ստանալով շահասիրության ոգին, օրեցօր քանի գնում՝ այնքան զորեղանում էր, այնպես որ մի քանի ամիսներում ինձ այնտեղ հասցրեց, որ ես պատրաստ էի դիմել ամեն տեսակ միջոցների, միայն թե այդ միջոցներն ինձ համար արդյունավետ հետևանք ունենային։ Շատ անգամ ես պատրաստ էի մինչև անգամ մատնել գործակատարներին Մակար աղայի մոտ, եթե հավատացած լինեի, որ մատնությունը կարող էր ինձ օգուտ բերել գեթ նրանով, որ իմ վարկը քիչ թե շատ բարձրացներ Մակար աղայի աչքում և գրավեր նրա վստահությունը դեպի ինձ։