— Հախն է, ինչո՞ւ էր կյանքի այդ ժամանակը, մի ոտը գերեզմանի մեջ, այնպիսի կեղտոտ բաների մեջ խառնվում։
— Ի՞նչպես կարող էր չխառնվել, քանի որ ամբողջ կյանքն այդպիսի խաբեբայություննհրով է անցկացրել։ Առակն ասում է․ «Կուժը ջրի ճանապարհին կկոտրվի»։ Աթոյանցի տունը քանդեցին քանի կենդանի էր, փողերը ձեռքից խլեցին և փոխարենը կեղծ մուրհակներ տվեցին մեռնելու ժամանակ, այն էլ բարձի տակից գողացան և ողորմելու ընտանիքը ձգեցին մուրացկանության մեջ։
— Ասում են, մեծ գումարի են հասնում Աթոյանցի փողերը– մոտ մինչև 75 հազարի։
— Այո, 75 հազար։ Մուրհակներ գրողն էլ Ռուսաստանի գործակատար Համբարձումն է եղել, — ասաց Գրիգորը։ — Նա ինձ պատմել է, թե ինչպես են ստորագրել այդ մուրհակները աղա Գուլամյանցները և պառավ Թոթովյանցը։
— Հետաքրքրական է, — ասացին բոլորը։
— Մակար աղան վերցրել է գրիչն և, յուր ձեռագիրը փոխելով, ամենքի փոխարեն ինքը ստորագրել է ջոկ-ջոկ ձեռագրով այնպիսի խորամանկությամբ, որ յուր իսկական ձեռքի հետքն անգամ չի կարելի եղել նշմարել։ Աթոյանցն, ինչպես հին վաճառական և չափաղանց միամիտ մարդ տեղեկություն էլ չի ունեցել մուրհակներ գրելու կարգ ու կանոններից։ Համբարձումը հավատացնում էր, որ երբ ինքը մուրհակննրը մի առ մի տանում էր և տալիս, Աթոյանցը մինչև անգամ նրանց ստորագրությանն էլ մտիկ չէր անում, միշտ կրկնելով, թե աղա Գուլամյանցներն ազնիվ մարդիկ են, նրանք ուրիշի փողին թամահ չեն անիլ, կարելի է նրանց հավատալ առանց մուրհակների էլ։
— Իսկ պառավ Թոթովյանցի մուրհակները ի՞նչ մուրհակներ են, որ նա ստացած է եղել աղա Գուլամյանցներից, — հարցրեց գործակատարներից մեկը։
— Աղա Գուլամյանցները միշտ Աթոյանցից փողերը վերցնելիս են եղել ծերունի Թոթովյանցի միջոցով։ Նա է իբրև միջնորդ գնացել Աթոյանցի մոտ և փողերը ստացել և նրա շնորհիվ է իսկապես Աթոյանցը հավատացել աղա Գուլամյանցներին այդչափ մեծ գումար։ Մի անգամ արդեն մոլորվելով թե Գուլամյանցներն