Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաճառականությունն այդպիսի մարդկանց չի սիրում։ Եթե կամենում եք, ես իսկի չեմ էլ մեղադրում վաճառականին, երբ նա խորամանկություն է անում, ստախոսում է, խաբում է, որովհետև գիտեմ, որ նա կամա ակամա ստիպված է այդպես անել։ Անիրավ ոսկին ամեն բան մարդուս մոռացնել է տալիս, ամեն բան — խիղճ, հոգի, հավատ։ Բաց արեք աչքներդ և լավ մտիկ արեք ձեր շուրջը։ Տեսեք ով է կարող պարծենալ, թե ազնիվ, առաքինի և ճշմարտասեր մարդ է։ Ոչ ոք, ամենքն իրարու խաբում են, կողոպտում են։ Աթոյանցին խաբում է ու կողոպտում Թոթովյանցը, աղա Գուլամյանցները խաբում են ու կողոպտում Թոթովյանցներին, վաղը մի ուրիշը դուրս կգա — նույնը կանե աղա Գուլամյանցների հետ և այսպես կշարունակվի անվերջ։ Ես ինքս, եթե դեպք պատահի, եթե ձեռքս ուրիշի փողեր ընկնեն, առանց խղճալու կկլանեմ, և այս բոլորովին խղճիս դեմ չեմ համարիլ, որովհետև հավատացած եմ, որ այդ ուրիշն էլ անշուշտ մեկ մարդուց գողացած է այդ փողերը։

Գրիգորը չկարողացավ շարունակել յուր խոսքը, որովհետև այդ ժամանակ ներս մտավ մի մուշտարի։ Մենք ցրվեցինք մեր տեղերը։

Այս խոսակցությունն ինձ համար խիստ հետաքրքրական էր․ Շատ ափսոսեցի, որ նա ընդհատվեց։ Նա ինձ համար հետաքրքրական էր նախ, որ ես իմացա այն ծերունու գաղտնիքը, երկրորդ, որ առիթ էր տալիս ինձ ծանոթանալու գործակատարների հետ։

Երեկոյին, սովորականին համեմատ, ես աղա Գուլամյանցների տանն էի։ Մակար աղան յուր առանձնասենյակումն էր։ Սատանան հենց բոթում էր ինձ, որ անպատճառ գնամ նրա մոտ և պատմեմ գործակատարների այն օրվա խոսակցությունն և ցույց տամ իմ հավատարմությունը։ Մի քանի րոպե ես տատանման մեջ էի․ «գնալ, թե չգնալ»։ Մի կողմից չէի ուզում գնալ, որովհետև վախենում էի, որ Մակար աղան իմ խոսքերին չհավատա, և մի փոքր էլ խիղճս թույլ չէր տալիս, մյուս կողմից, ցանկանում էի գնալ, մտաբերելով, որ ինձ վարձելու օրը Մակար աղան ինքը պատվիրել էր հայտնել իրան այն ամենը, ինչ որ կլսեմ ուրիշներից յուր վերաբերմամբ։