որ իմ նպատակն արդարացնում էր ամեն տեսակի միջոցներ, թեկուզ այդ միջոցները լինեին ստոր և անազնիվ։ Ես տեսնում էի, որ ուղիղ ճանապարհով դժվար է հասնել այն նպատակին, որի իրագործումը մի անգամ ընդմիշտ պիտի ապահովեր իմ կյանքը։ Ուրեմն, ինչո՞ւ չգնալ ծուռ ճանապարհով, քանի որ կարող եմ հասնել բախտավոր և նախանձելի ապագայի։ Գործի՛ր, Խաչի․․․
Անցան մի քանի ամիսներ հիշյալ միտքն իմ մեջ հղանալու օրից։ Մի օր Մակար աղան ինձ կանչեց դարձյալ յուր առանձնասենյակը։
— Խաչի, — դարձավ նա ինձ, — դու պիտի վաղը ճանապարհ ընկնես Բաքու և այսուհետև կծառայես այնտեղ, իհարկե, էլի մեր գործերում։ Կգնա՞ս։
— Ինչպես կարող եմ համարձակվել ձեր հրամանը չկատարելու, թեկուզ դժոխք էլ ուղարկեք, դարձյալ պատրաստ եմ գնալու, միայն թե ձեր հրամանը կատարվի։
— Շատ ապրես, որդի, վատ տղա չես, Խաչի, և հենց դրա համար էլ ուզում եմ քեզ և ոչ ուրիշին ուղարկել։ Դու այնտեղ կլինես իմ եղբոր — Աբրահամ աղայի — ձեռքի տակ և պիտի կառավարես այնտեղի բոլոր մեր գործերը, մյուս գործակատարները քո ձեռքի տակ կլինին։ Լսո՞ւմ ես։
— Շատ շնորհակալ եմ, աստված ձեր հարստությունը հազար անգամ ավելացնի։
— Այդ պաշտոնը մեծ պաշտոն է հա, դու պետք է շատ զգույշ լինիս նրանում։ Բաքվի գործերն այստեղի գործերի նման չեն։ Դու պետք է կառավարես նավթային հանքերը, ֆոտոգենի գործարանը, գրասենյակն և, բացի դրանից, մեր նոր շինություններին էլ հսկես։
— Կաշխատեմ ամոթալի չմնար
— Մտիկ արա, լավ ծառայիր․ եղբայրս էլ ինձ նման բարկացող և խստաբարո մարդ է, նա էլ, ինչպես ես, չի սիրում յուր