Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընտանեկան և առևտրական զանաղան գործերի վրա խոսելուց հետո Մակար աղան կամաց-կամաց խոսակցության նյութը փոխեց։

— Խրիստաֆոր Սերգեյիչ, քանի՞ տարի է, որ դու մեր գործերում ծառայում ես, — հարցրեց նա հանկարծ։

— Անցյալ գարնան ինը տարին լրացավ, այժմ տասներորդն է, — պատասխանեցի ես։

— Քանի՞ տարեկան կլինեիր մեզ մոտ մտնելու ժամանակ։

— Տասնևյոթ տարեկան։

— Ուրեմն այժմ քսանևվեց տարեկան ես։

— Տասնևյոթ, այն էլ ինը, այո, ուղիղ քսանևվեց տարեկան եմ։

— Բավական մեծացել ես, — աս՛աց Մակար աղան ժպտալով։

— Այո՛, սկսում եմ ծերանալ։

— Այժմյան ջահելները մեզանից շուտ են ծերանում, — ասաց Մակար Պետրովիչը կատակով։ — Բայց գիտե՞ս ինչիցն է այդ։

— Ինչի՞ց է, Մակար Պետրովիչ, — հարցրի ես հետաքրքրությամբ։

— Նրանից, որ այժմյան ջահելները չեն պսակվում և իրենց կյանքն անց են կացնում շռայլութենով։

— Պսակվողները մի՞թե չեն ծերանում։

— Ծերանում են, բայց ժամանակին և ոչ թե չպսակվողների նման՝ ժամանակից քսան տարի առաջ։ Ես պսակվելիս երեսունյոթ տարեկան էի, բայց այս վեց տարում ես բավական զանազանություն եմ գտնում իմ առաջվա ու այժմյան առողջության մեջ և շատ ափսոսում եմ, որ տասը տարի առաջ չեմ պսակվել։ Ես այժմ եմ հասկանում, թե ամուսնությունն ինչքան օգտավետ է մարդուս։ Սխալված եմ համարում այն մարդուն, որը ժամանակին չի պսակվում։

— Լավ կիներ, եթե ամեն՝ մարդ կարողություն ունենար ամուսնանալու, բայց չէ՞ որ շատերը իրանց չոր գլուխը չեն կարողանում պահել, ի՞նչպես կարող են ընտանիք պահել։

— Ով որ ուզենա պսակվել, կարողություն էլ կգտնի։

— Որտեղի՞ց կարող է գտնել։ Օրինակ, ինձ նման մարդ ի՞նչպես