Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Ոգևորված) Գնանք, փախչենք, մայրաքաղաքի հեռագիրը արդեն հայտնում է բոլորին․․․

ՄԱՐԹԱ․― (Ազատելով թևը) Ես չեմ փախչում․․․ ինձ խիստ դժվար էր վեր կենալ ու գնալը միայն, այժմ, այս մի շաբաթվա ապրումներից հետո ետ դառնալն ինձ անհնարին է։ Գնալու եմ․․․ (Սրտամորմոք) տուր ձեռքդ իմ թանկագին, իմ սիրելի․․․ թող այս վշտի ու լքման վայրկյանին քեզ հայտնի լինի այն բուռն սերն ու հարգանքը, որ զգացել եմ մի տարի, որ թաքցրել եմ մի տարի․․․

ԱՆՏՈՆ․— (Խելակորույս) Ա՜հ, իսկ ես ինչ վատն եմ եղել, կո՜ւյրը․․․

ՄԱՐԹԱ․— Տուր ձեռքդ․ տձև երկաթի հետ կռեցիր, կոփեցիր և իմ ողջ էությունը, ձև ու դիրք տվիր իմ խոպան մտքին, խլեցիր ինձ խաբող տղմուտ հոսանքից։ Օրհնված լինես դու․․․ (Սրբում է աչքերը) Օրհնված լինի քո ուխտը, քո ճանապարհը․․․ (Մնում է մի պահ լուռ ու խուլ, հազիվ ինքը իրեն զսպելով) ես գնում եմ քո հարթ ճանապարհով, մնաս բարյավ, Անտոն․․․

ԱՆՏՈՆ․— (Անակնկալ երջանկությունից շշմած) Գնանք, այժմ դու իմն ես, ոչ ոք, ոչ մի ուժ քեզ չի կարող խլել իմ ձեռքից․․․ գնանք զավակս․․․ (Ժպտով) Գնանք մի բուն շինենք, սթարվենք, հանգստի կարոտ է հոգիս, շատ եմ տանջվել, շատ եմ մաքառել․․․

ՄԱՐԹԱ․— (Տխուր) Դու ինձ չհասկացար, Անտոն։

ԱՆՏՈՆ․— Գնանք, դեռ խոսելու, վիճելու շատ բան կա։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես ես տանջել ինձ, անգութ աղջիկ․․․

ՄԱՐԹԱ․― (Աղերսանքով) Անտոն, դու չհասկացար ինձ․․․

ԱՆՏՈՆ․― (Զարմացած) Ի՞նչ ես ուզում, սիրելիս։

ՄԱՐԹԱ․— (Խղճալով նայում է Անտոնին) Այն որ մենք պիտի գնանք բաժան-բաժան․․․ (Անտոնը գունատվում է) Ուզում եմ ասել մի ճամփով միևնույն գաղափարի համար, բայց ոչ իրար հետ․․․

ԱՆՏՈՆ․― (Մոլորված) Մարթա, ինչե՜ր ես խոսում․․․

ՄԱՐԹԱ․— (Համոզիչ) Հանդարտվիր։ Ինձ ավելի դժվար է քեզանից բաժանվելը։ (Սրբում է աչքերը) Սակայն ուխտս ստիպում է ինձ խլել, ճնշել խելացնոր սերը սրտիս մեջ․․․ Անտոն, ես տանջանքի զավակ եմ, երջանկության համար, գեթ առ ժամանակ խորթ ու օտար, գնում եմ տանջանքի ու տանջվածների մոտ՝ ինձ մի ճնշիր, մի՛ բռնանա․․․ (Գրկում է նրան) Տե՛ս, բարիկադները, այս հանդուգն ապստամբները քո ծանոթ Մարթային թաղեցին, նա այլևս չկա՝ մեռավ․․․ Այրվեց իր հայրենական խրճիթի, իր դեղին տոմսի հետ․․․ այժմ քո դեմ կանգնած է նոր Մարթան, որ այստեղ, բողոքի ու վրեժի ժխորի մեջ աշխարհ եկավ։ (Աղերսանքով) Այդ նոր Մարթայի վերածննդյան համար շատ բան ես տվել դու, մի զլանար, և հիմա հանդարտվիր, բաժանվենք հաշտորեն։