Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խշխշոց։ Երևի Միշինկան թերթ էր կարդում, անցնում է իմ մտքով և չգիտեմ ինչու բավարար տպավորություն թողնում ինձ վրա։

Ծանր քայլերով ներս է մտնում իսկապես որ մի «միշինկա»՝ տանտերը, բարձրահասակ, թիկնեղ, խոշոր և պայծառ աչքերով․ մեզ նկատելով՝ կոճկում է շապկի կոճակները, մատներով հարթում մազերը ու մտերմաբար ժպտալով ողջունում է մեզ որպես հին ու վաղուց չտեսած ծանոթների։

Պատշաճ պայմանները թվելուց հետո սենյակր վարձվեց։ Նկատելի է մի փոխադարձ համակրանք, որ համակեց արտաքինով հաճելի իմ բարեկամուհուն և երիտասարդ տանտիրոջը։ Մեր պաշտոնական խոսակցությունն իսկույն բարեկամական զրույցի փոխվեց, իսկ բարեկամուհուս ուրախ քրքիջը աղմկեց մինչ այդ խաղաղ սենյակը և քանդեց երիտասարդի անվստահության բոլոր կապերը։

— Այս տունն աներոջս նվերն է, այս ամառ կարգի է բերվել վերջնականորեն, և ես շատ ուրախ եմ, որ իմ սենյակը վարձում է մի ինտելիգենտ օրիորդ,— հաճոյախոսեց նա, սաստիկ կարմրեց և գրկելով շեմքից չորեքթաթ ներս սողացող իր մանկիկին՝ համբույրներով ծածկեց նրա դեմքը և լայն ափի վրա բարձրացնելով մինչև առաստաղ, սկսեց շրջել սենյակում։

Ինձ թվաց, թե նա իր կյանքում առաջին անգամ էր, որ խոսեց մի օրիորդի հետ այդ լեզվով, գուցե կարդացածի տպավորության տակ կամ լավ տպավորություն թողնելու միտումով, չգիտեմ, սակայն նկատելի էր, որ նա զղջաց իսկույն, մոտեցավ մինչ այդ լուռ կանգնած կնոջը, նստեցրեց աթոռին և երեխան գրկած ինքն էլ նստեց նրա մոտ։

Ուրեմն ձեր քույրը կմաքրի սենյակը,— դիմեց բարեկամուհիս տանտիրուհուն։

— Քո՞ւյրը, երբեք, նա դեռ երեխա է, ինչպե՜ս կարելի է․․․

— Միշենկա՛, ես ասացի որ․․․

— Սպասիր, — բաժանվեց տան տերը ու դարձավ մեզ։ —Ձեր սենյակի վերաբերյալ բոլոր աշխատանքը կկատարի իմ բակում ապրող մի խեղճ կին, վարձատրել նրան որևէ կերպով ձեր ազատ կամքն է։ Իմ ընտանիքի անդամներից որևէ պարտականություն պահանջելը միանգամայն դուրս է իմ ցանկությունից։ Մենք թեև չունևոր մարդիկ ենք, բայց մինչև օրս ծառայած չենք մեկին,— հայտնեց տան տերը և երեխան կնոջը հանձնելով, ազատ թափահարեց երկար մազերը ու սկսեց շրջել սենյակում, նորից մեծ հաճույք պատճառելով ինձ։

Մենք հրաժեշտ տվինք ու դուրս եկանք։

Մեծ եղավ մեր ուրախությունը, երբ նկատեցինք այնքան մոտ կանգնած տրամվայը։