Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմն չարչարանքներս պսակվեցին հաջողությամբ, տրամվայն էլ մոտ է,— ուրախ ասացի ես ներս մտնելով վագոն։

— Կարո՞ղ ես ասել ում նման է իմ տանտերը,— հարցրեց բարեկամուհիս՝ վիճելով կոնդուկտորի հետ նրա սխալ տված մանր փողի առթիվ։

— Սովորական մալոռուսի։

— Ո՛չ, կաթոլիկների Հիսուսին, միայն թե պետք է բավականին նիհարացնել ու ավելի երկարացնել մորուքը։

— Ու քերել ձեռքի կոշտերը և մուրճի տեղ խաչ տալ ձեռքը։

Ես հորանջեցի։

Մի շաբաթից հետո բարեկամուհիս ինձ այցի եկավ։

— Երևակայիր, հասարակ բանվոր է, իսկ խոսիր հետը՝ ինտելիգենտ մարդու տպավորություն է թողնում։

— Ո՞վ։

— Իմ տանտերը։

— Հա՞․․․ իսկ դո՞ւ. նա հայտնած չի՞ իր կարծիքը քո մասին։

— Դեռ ոչ, երեկ մի քիչ նեղացավ, հետո հաշտվեցինք։

— Պատճա՞ռը։

— Կիրակի օրը նա ինձ «Բանվորական տան» ներկայացման տոմսակ առաջարկեց, իսկ երբ ես հարցրի, թե քրտինքի հոտ չի՞ լինի այնտեղ, նա սաստիկ զայրացավ ու ինձ գիտե՞ս ինչ անվանեց։

— Չգիտեմ։

— Բուրժուական մեղկ մթնոլորտից․․․ և ուրիշ շատ կոմպլիմենտներ, ուրա՞խ ես։

— Սաստիկ, տեղն է քեզ։

— Իսկ ես ենթադրում էի, թե դեռ չեն վերացել նահապետական պարզությունները հասարակ ժողովրդի միջից։ Մեծ քաղաքում ավելի զգալի է, թե ինչպես աշխատավորը շեղվում է իր ճամփից և իր ձեռքն ընկած պատահած գրքի ընթերցումից կորցնում գլուխը:

— Ասա, խնդրեմ, ո՞ր ճամփից։

— Խոհեմության։

— Միա՞յն, իսկ քիչ առաջ ասացիր, որ նա թողնում է ինտելիգենտ մարդու տպավորություն։

— Աչքի առաջ ունենալով, որ նա սոսկ մի բանվոր դարբին է։

Դարձյալ վեճի բռնվեցինք և հոգնած անցանք հերթական նորությունների։

Բավական երկար ժամանակ ես լուր չունեի իմ բարեկամուհուց, չէր երևում։ Ինչ էլ որ լիներ, պարտադիր էր գնալ տեսնել:

Մի հարմար տոն օր ճամփա ընկա։

Դուռը բացեց կապուտաչյա աղջիկն ու ինձ տեսնելով իսկույն ներս վազեց։