Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավոտյան մի տեսակ են հագնվում, դուրս են գնում՝ մի ուրիշ տեսակ. երեկոյան ավելի շքեղ․ և այսպես միշտ, ամեն օր․․․

— Տա՛տ, տուն գնանք,— ասաց փոքրիկ, վտիտ աղջիկը, քորելով կուրծքն ու փորը։

Ես վեր կացա ու խառնվեցի այդ փոքրիկ խմբին։ Ամենքն էլ մաշված էին հոգով, մարմնով, հագուստով, ամենքին էլ աղտն էր կրծել և հացի ահն ընկճել։

— Տա՛տ,— ասացի,— ձորակն ապականված է ու նեխված, կթառամեն քնքույշ երեխաները, ինչպես ծաղիկները խորշակից․․․ պարապիր մի այլ գործով։ Ամռան տոթին դժվար է թափառել աղբանոցում․․․

— Անհոգ կաց,— պատասխանեց պառավը,— ողջը մեկ է ու ամեն տեղ էլ աղբանոց. ի՞նչ կարող եմ անել ես։ Կուշտ օրվա կարոտը կտրտում է սիրտս։ Նայեցեք, որբեր են. մայրը մեռավ, հայրերն անհայտ են։ Թաղում ծաղրն է նեղում նրանց, իսկ այստեղ մենք ազատ ենք․․․

Երբ մտանք նրանց փողոցը, երեխաները բռնեցին պառավի փեշից, իսկ փողոցի տղաները շրջապատեցին նրանց և բարձր ձայնով սկսեցին երգել մի անկապ երգ, ուր հիշվում էր խեղճ որբերի անունն ու ծագումը և մոր մեղքերի շարանը։

— Տեսնո՞ւմ ես, աղբանոցի խոզերն ու շները մարդու համար այդպիսի երգ չեն հորինել երբեք․․․

1904 թ. Ռոստով-Դոն

11. ՓՈՂՈՑՈԻՄ

Ես նայում էի փողոց, իսկ ձյունը գալիս էր փաթիլ-փաթիլ․․․

Ձյան փաթիլները մի անուշ թախիծ են նետում ինձ ու ես անտրտունջ սկսում եմ խղճալ, ափսոսալ ինձ։ Ես էլ փաթիլ էի, հստակ, կայտառ։ Ինչո՞ւ ընկա վայր, գետնի վրա, ուր կանաչի ու ծաղկի հետ փոշի ու ցեխ էլ է լինում․․․

Ձյան փաթիլներր ճնշում են ինձ ու մարում հույսերիս բոլոր կերոնները։ Երբ ձյուն է գալիս, ինձ թվում է, թե էլ ոչ մի գարուն տեսնելու չեմ ես, էլ ոչ մի աստղ ժպտալու չէ ինձ, և կյանքս դառնալու է միօրինակ, տաղտկալի մի աննյութ պատմություն․․․

Այսպես ես նայում էի փողոց, իսկ ձյունր գալիս էր փաթիլ֊փաթիլ։ Բյուրավոր թեթև, փափլիկ փաթիլները վխտում էին օդում, անձայն, անշշուկ պարում, խաղում և դարսվում երկրի երեսին, ժպտում մաքուր, առողջ ու անբիծ ժպիտով։ Այդ ժպիտը տարածվում էր պարզ երկնքի, ձյունածածկ երկրի վրա։ Այդ ժպիտը ընկճում էր ինձ, լարում մտքերիս