Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրար ու դուրս թափված շեն քաղաքից։ Սպառողներն էլ նույնպես։ Սակայն պառավի բռնած դիրքը ավելի նախանձելի էր երևում. այս ու այն կողմ դրած տոպրակների մեջ նա թոռների հետ քարածուխի մանրուք էր հավաքում, փայտի կտորներ և ծվեններ։

— Տա՛տ, այ տա՛տ, մի տես թե ինչ եմ գտել,— վազում էր սրտատրոփ ոսկեհեր մանուկը։ Բոլորը հտվաքվեցին տատի շուրջը և զարմացած դիտում էին գյուտը։

— Տատիկ, ի՞նչ աման է, մեջը ի՞նչ է եղել։

Պառավը նայեց փոշոտ գետնին, չոր մատներով ոլորեց իր «շան տոտիկը» և սիրով ծխելով դիտեց ամանն ու սկսեց։

— Սա թիթեղյա աման է, հեռու աշխարհից փոքրիկ ձկներ են ստանում այս ամաններում յուղի մեջ կարգին շարված։

— Ինչպիսի՞ ձկներ, տատ․․․

— Փոքրիկ ձկներ, զավակս։

— Տատ, համո՞վ են այդ ձկները։ — Օ՜, շատ համով. յուղն էլ հատուկ։

— Դու կերե՞լ ես, տատ։

— Ես․․․ ճիշտն ասած կերել եմ․․․

— Պատմի՛ր, պատմի՛ր։

— Երբ ես աղախին էի, տերերս հաճախ ուտում էին այս ձկներից և ամանները խոհանոց տանելիս ես մնացածը ուտում էի, իսկ ամանները մաքրում ու պահում ինձ համար։

Աման գտնող երեխան տրտմեց, իսկ ամենափոքրիկը ձայնեց դժգոհ.

— Իսկ ես քաղցած եմ, ուտել եմ ուզում։

— Մի քիչ էլ որոնենք, տուն կգնանք. ճանապարհին անպատճառ հաց կգնեմ,— համոզեց պառավը։ Երեխաները դժկամ ցրվեցին՝ ամենն իր մտքում պատկերացնելով փոքրիկ համեղ ձկները հատուկ յուղի մեջ, թիթեղյա ամանում։

— Տա՛տ, այ տա՛տ, մի նայի՛ր, կոշիկ գտա,— ձայնեց մի փոքրիկ, և բոլորն էլ դարձյալ հավաքվեցին պառավի գլխին։

— Տա՛տ, կրունկին նայիր, բարձր․ ա՜խ, խորամանկներ, որպեսզի շուտ չմաշվի:

— Չէ, հոգիս, տերերը չեն մաշում։

— Ինչպե՞ս։ Պատմի՛ր, տատ։

— Ճիշտ եմ ասում. նրանք շարունակ հագուստներ, կոշիկներ գնում են, մի քանի անգամ հագնում և դեն շպրտում։

— Դու ի՞նչ գիտես, տա՛տ։

— Երբ ես աղախին էի տերերի մոտ՝ տեսա. վեր են կենում