Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլոր լարերը, որ տառապեի հանելուկ կյանքի խորիմաստ գոյությունով․․․

Ես նայում էի փողոց և հեռուներից թռչող մտքերս հոգնած դիմում էին ինձ, էլ չխոկալու խոստումով։ Է՜հ, թող լինի այսպես․․․ պաղ ապակու հպումից ճակատս թարմանում է ու ես այժմ տեսնում եմ, թե ինչին էի նայում։

Ահա իմ դիմաց մի բարձը, եռհարկանի տուն։ Ձյունը նախշել է նրան իր կարողացածի չափ։ Նրա կողքի հին, փոքրիկ տունը մեղավորի նման կուչ է եկել գետնի վրա, կարծես պատկառելով իր հարևանի բարձը դիրքից, կորել է ձյան հաստ շերտի տակ, որ չնկատվի իր աղքատությունը, թեև սրտանց ցանկանում է մի օր ձգվել դեպի վեր, ներս նայել բախտավոր հարևանի մեծ ու լույս լուսամուտներից, այնուհետև ինչ ուզում է թող լինի․․․

Փողոցի անկյունից երևաց մի աղքատ աղջիկ, ցնցոտիներ հագին, գիսախռիվ, կեղտոտ։ Նա ժպտալով կարկառում էր ձեռքը անցորդներին և ոչինչ չստանալով ժպտում, դուրս հանում լեզուն և որսում ձյան պաղ փաթիլները․․․

Մի ճնճղուկ իջավ ծառի ձյունապատ ճյուղի վրա, թափահարեց, ձյունե փոշի հանեց ու թռավ գնաց իր գործին։

Չարաճճի մեկը ձյունագնդով խփեց մուրացիկ աղջկան ու փախավ տուն։ Ահա տաք ու շքեղ հագնված մի կին մուֆտի միջից մի նամակ հանեց, սեղմեց կրծքին, շրթունքներին և երեք անգամ խաչակնքելուց հետո ձգեց փոստային արկղն ու գնաց։

Անցնող պառավը մի կոպեկ տվեց աղջկան՝ ստիպելով հիշելու իր բոլոր մեռելներն ու կենդանի հարազատները։

Իսկ ձյունը գալիս էր փաթիլ֊փաթիլ․․․ Տխո՜ւր էր, խիստ տխո՜ւր․․․

1904 թ.

12. ԳԱՐՆԱՆԱՄՈԻՏ

Նկատե՞լ եք ինչպես հանկարծակի ծագում է արևը գարնանամուտին. շուրջը ձյուն է, ձմեռ, մռայլ ու ցուրտ, հանկարծ ինչ-որ կատարվում է թուխպերի հետևը անխուսափելիորեն, և ծագում է արևը․․․

Ձյունը սկզբից ժպտում է նրան, աչիկները թարթում նազանքով, պսպղում, պեծին տալիս և հանկարծ մռայլվում, սմքում ու թևերը թուլացած լալիս ու լալիս․․․

Իսկ արևը ժպտում է, հա ժպտում, բարևում երկրին, մարդկանց,