Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թռչուններին, աղմուկն ու գոլորշին վեր են բարձրանում երկրի ամեն մի անկյունից, արևը ծպտում է ու ասում ծիծաղելով.

— Տեսնո՞ւմ եք, եկա, չուշացա։

— Ուշացար,— տրտնջում է գռեհիկ երկիրը,— հոգիս դուրս եկավ ցրտից ու սառնամանիքից։

— Լավ որ եկար,— քչքչում է առուն, ճարճատելով, հառաջ գլորելով իր կրծքի սառույցը,— ազատվեցի կապանքներից։

Արևն եկավ, արևս եկա՜վ,— աղմկում են մանուկներն ու թռչունները։

— Տեսնո՞ւմ եք,— ժպտում է արև արքան,— դեհ, վեր կացեք, գործի ելեք, ցանենք, քաղենք, աշխատենք ու զվարճանանք․․․

Եվ քլքլալով վազում էր հալված ձյունը, լիզում, մաքրում դաշտ ու հանդ, սար ու ձոր․․․ Բազմամարդ ու բանուկ փողոցի ծայրում կանգնել էր կինը, ներկված, օծված և ցեխի մեջ կորած։ Անցորդները ծաղրում էին նրան, կանայք խորշում ողջախոհաբար, ջահելները՝ կատակներ անում։ Արբած կինը լկտի կերպով հայհոյում էր ամենքին անխնա և ինչ֊որ որոնում էր գրպաններում։

— Հե՜յ, գեղեցկուհի, երեկվա о՞րն ես որոնում,— սրախոսեց հաղթանդամ մի ռամիկ։

— Փողե՜րս չկան․․․ ես լավ էի վաստակել, գողացան անիրավները,— աղիողորմ լալիս էր հարբած կինը։

Կառքերը գնում էին ու գալիս, և ջրի ցեխը անիվների վրայից թռչելով ծեփում էին կնոջ դեմքը, հագուստը։

— Կանգնիր մի կողմ, պատի տակ, մաքրիր դեմքդ սրանով․— ես նրան առաջարկեցի երկու թերթ, բռնելով թևիցը։ Նա հնազանդվեց ինձ, նայեց դեմքիս, ծամածռեց դեմքը, և գուցե պիտի հայհոյեր, սակայն ես խանգարեցի նրան՝ թևից քաշելով դեպի մոտակա դռան խորքը։

— Մաքրվի՛ր,— կրկնեցի ես ավելի մեղմ։

— Մաքրվե՜մ,— կսկիծով ասաց նա,— ո՛ր մեկը մաքրեմ, մինչև ե՞րբ․․․ ցեխը դիպել է իմ հոգուն, սրտին, խղճին։ Լսո՞ւմ եք, ես ամբողջապես թաղված եմ ցեխի մեջ ու երբ ջանացել եմ մաքրվել, ազատվել ցեխից, հացի կարոտը ինձ հրել է ավելի խորը․․․

Իսկ արևը ժպտում էր, հա ժպտում։

— Տեսնո՞ւմ եք, եկա. հալած ձյունը տեղ հասնելուն պես՝ կծլեն ծառ ու ծաղիկ։ Դե՛հ, վեր կացեք, գործի ելեք, ցանենք, քաղենք, աշխատենք ու զվարճանանք․․․

1904 թ.