Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարիքներից կային այնտեղ. այնտեղ էր և իր հայրը, որ մեռել էր թոքախտից։

— Հա՜յր,— աղերսեց տղան,— մի կտոր ածուխ գտա, կորցրի, իսկ վառարանն արդեն մի քանի օր է, որ չէ տաքացել:— Հայրը ժպտաց, բռնեց որդու ձեռքից և տարավ։ Երբ գնացին բավականին, մտան մի տուն, մի լույս, կահավորված ու տաք տուն։ Տղան ցրտից ուժասպառ նստեց բոցավառվող վառարանի մոտ, փափուկ բազմոցի վրա։

— Հիմա տատդ քեզ տաք կերակուր կբերե,— ասաց հայրը և դուրս ելավ։ Կերակուրի անունը լսելով նրա՝ տաքությունից փափկացած մարմինը թուլացավ։ Նա ձգվեց բազմոցի վրա, որ մինչև տատի երևալը քիչ հանգստանա ու քնեց․․․

Հետևյալ օրը, երբ մի խումբ աղքատ երեխաներ ավեր տան մեջ այրված փայտի կտորներ էին հավաքում, աղյուսի կույտի արանքում տեսան քնած տղային, սկսեցին զարթնեցնել ու սարսափահար փախան:

Երբ մարդիկ հավաքվեցին, մեկը մոտեցավ համարձակ և բաց արավ բաճկոնը, քարածուխը չկար։ Նրա տեղը դրված էր տան պատից փուլ եկած մի բեկոր։

1907 թ.

15. ՇՂԹԱՆԵՐԸ

․․․Ես քնած եմ ծառի տակ ու զգում եմ իմ կազդուրվելը. արյունը մի հաղթական ուժով շրջում է երակներիս մեջ, զգալ տալիս առողջ քնի թովչանքը․․․

Տերևների արանքից ինձ են հասնում արևի շողերը, և ես զգում եմ իմ ուսին, կրծքին, ճակատին նրանց ջերմության ախորժահպումը։ Ջերմից տաքացած մարմինս կասես լցվում, մեծանում է։ Ես մեծ հաճույքով տարածվում եմ մեջքիս վրա։ Աջ ոտքս ընկնում է արևից անտես, զով խոտի վրա, զգում նրա պաղությունը։ Ինչ-որ շշուկ հոսում է գետնի միջից, թրթռում ականջիս մոտ ու կորչում իսկույն։ Ես էլ չեմ զգում մարմնիս անդամների գոյությունը։ Ինչ-որ կախարդական շնչից չքանում, անէության ծովն եմ ընկնում․․․

Երևի երկար է տևել իմ քունը ու մի երազ չէ ակոսել նրան: Զարթնում եմ գոհ, անհոգ բավականությամբ հորանջում մի քանի անգամ, տերևների արանքից նայում երկնքին ու բոլորովին արթնացած պառկում եմ երեսնիվայր և դեմքս հենելով արմունկներով բարձի մեջ խրված ձեռքերիս վրա, դիտում եմ, թե ինչ նորություն է կատարվել արդյոք շուրջս, ու ժպտում եմ, երկար ժպտում․․․

Ինչո՞ւ եմ ժպտում. զարմացած հարցնում եմ ինքս ինձ և քիչ նեղություն կրելուց հետո հիշում․․․