Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սառնամանիքը դաղում էր նրա մարմինը, քամին քրքրում շապիկի ծվենները․․․

— Աստված իմ, սիրելի՜ս,— վերջին ճիգը վատնելով դողդոջ շշնջում էր գունաթափ տղան, փայտացած մատները կոխում կռների տակ կամ անձկությամբ հենված աղյուսի կույտին․․․

Նրան թվում է, թե կաշին պոկվում է մարմնից, ցուրտը մտնում է նյարդերի, երակների, արյան մեջ ու ծծում ջերմության վերջին մնացորդը։ Նա զգույշ վեր է կենում, վերցնում բաճկոնով պարուրած քարածխի կտորը, սեղմում կրծքին և կուչ գալով աղյուսի կույտերից գոյացած փոսում, խոսում ինքն իր հետ.

— Մի քիչ հանգստանամ ու գնամ տուն։ Ինձ հետապնդող չի լինի այլևս, սայլապանները հեռացան։— Մի ցանկալի ջերմություն դեմքից, ականջներից վայր սահեց, անցավ կաշու տակը, ինչ-որ սրսկեց այնտեղ, քաղցր թմբիրը գերեց նրան, նա գոհ, երջանիկ ժպտաց ու քաջացավ, հուշիկ ցնցվեց ու մի երանելի անդորր իջավ նրա մարմնի ու հոգու վրա, ընկավ երազանքի մեջ․

«Ահա իրենց հյուղը, թաց, ցուրտ, խարխուլ, անծեփ։ Նա քաղցած ու դժգոհ դուրս եկավ տանից, վերցրեց իր մրոտ տոպրակն ու գնաց կայարանի այն մասը, ուր ածուխ են դուրս թափում մեծ ու լիքը վագոններից։ Նա կանգնեց իր սովորական տեղը և սպասեց սայլերի ճամփա ընկնելուն, սակայն, բանալուն պես սայլերն անհայտացան։ Նա կորցրեց իր հյուղի ուղին և շվար թափառելուց հոգնած նստեց մի պատի տակ։

Նստեց մի պատի տակ ու նայեց շուրջը, աջ ու ձախ։ Ինչպե՜ս գոհ էին անցորդները․ մտազբաղ, խոհուն գալիս, գնում էին, խոսում, շտապում։ Նա ճանաչեց իրենց հարևանին, որ գարնանն էր մեռել-տրորվել մեքենայի տակ։ Գնում է գոհ, ինչ-որ պատմում իր մասին։ Նա տեսավ իր տատին, որ մուրում էր եկեղեցու դռան առաջ, նույնպես գոհ, ուրախ, չքավորության ոչ մի հետք։

— Տա՛տ, այ տա՛տ, կանչեց տղան։

Տատը ճանաչեց ու մոտեցավ նրան․

— Ի՞նչ ես շինում այստեղ․․․

— Մոլորվել եմ, տա՛տ։

— Հիմար տղա, կմոլորվե՞ն, երբ ուղիղ ուղին է աչքի առաջ․․․

Տղան զարմացած մոտեցավ տատին և ամեն ինչ չքացավ նրա դեմ․ ու սև ածուխների բեկորներով լայն, անսկիզբ, անծայր ուղին բացված էր նրա առաջ։ Նա ընկավ ճամփա ու գնաց․․․ գնաց ու կանգ առավ։

Գործարանների՝ կերոնի պես դեպի վեր ցցված ծխնելույզներից լույս էր կաթում մթության մեջ և բոցավառում երկինքը։ Բանվորները մի մի վառ ծաղիկ ձեռքերին ուր որ գնում էին։ Տղան մտավ մի հսկայական տուն, որի առաստաղը աստղաշատ էր։ Աշխարհի բոլոր