Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է բուսնում ուսերիս վրա։ Ակնածությամբ կարկառում եմ թևերս ու շշնջամ աղոթքի պես. «Գալիս եմ, գալի՜ս․․․»։

Վերջին տարիների ապրումները մրրկում են հոգիս։ Վեր եմ նայում։ Մի՞թե այդ բուրդ հավաքող անգրագետ կինն է ծնել ինձ․․․ թափառում եմ ծառուղիներում. ամառանոցի մի ծայրում պարտիզպանի տնակի դիմացը մի հասարակ սեղանի շուրջ նստել է պարտիզպանուհին, հետն էլ երեք կին, ամենքն էլ մաքուր չթե հագուստներով, սպիտակ թաշկինակները գլխներին, սեղանի վրա դրած է մի մեծ շիշ օղի, թարմ վարունգներ, հասարակ երշիկ ու մեծ կտոր սև հաց։ Օղու մնացորդը, նրանց կարմրած դեմքերը ցույց են տալիս, որ հանդեսը վաղուց է սկսած։

— Երգենք,— աշխատանքից կոշտացած բռունցքը խփում է սեղանին նրանցից մեկը։

Շտապ դատարկում են լցրած բաժակները, թևով սրբում բերանները և հազալուց հետո սկսում։

Սկզբից խառը ճիչերը աղմկում են оդը, ապա համերաշխ ելևէջները պարզ ու հասարակ երգի դուրս են սահում նրանց հոգնած կրծքերից։ Լավ են երգում մալոռուսկաները. սիրում են երգը, երգում են միշտ ու գիտեն երգել, երգում են երկձայն և քառաձայն, առանց որևէ ձայնագրական կանոնների մասին տեղեկություն ունենալու, նրանց երգը հաճախ լսողություն է շոյում և թախիծ փռում իր շուրջը։

Շատ առավելություններ ունի ռուս կինը, ի՞նչ փույթ որ երբեմն նա իր կսկիծները թրջում է օղիով։

Ինձ նկատեցին հակառակ իմ ցանկության. արբած պարտիզպանուհին երգելով դիմավորեց ինձ։ Ես նստեցի պատի տակ, նստարանի վրա։

— Երգ շատ է սիրում,— ասաց նա իր հյուրերին և տվեց մի քանի չափազանցացրած տեղեկություններ իմ մասին։ Լսողները արբածի պարզ ժպիտով մի քանի անգամ նայեցին ինձ և մնացին գոհ։ Ապա մի բաժակ էլ դատարկելով սկսեցին երգել առանձին եռանդով մեծ ժողովրդականություն ստացած երգը.

«Солнце всходит и заходит, А в тюрьме моей тем-но-о…».

— Պետրովնա, դու միշտ հյուրասիրում ես ինձ այդ երգով,— ասացի ես երգից հետո։

— Սա շատ հարմար է,— պատասխանեց նա, սև հացի կտորի վրա աղ ցանեց և ծամելով նստեց մոտս։

— Ինչի՞ն է հարմար։

— Ձեր կյանքին․․․ Ձեզ․․․

— Չեմ հասկանում,— պատասխանեցի ես։

— Հիմա ասեմ, կհասկանաք։ Ահա մի ամիս է, որ ես նայում եմ ձեզ ու զարմանում. նստեցրել են ձեզ «մեզոնինում», ինչպես թռչունին վանդակի մեջ, կերակրում են, հոգ տանում, իսկ դուք ուտում, խմում․