Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե՜հ, լռի՛ր-լռի՛ր,— կանչեց լուսնկան, ամպերով իսկույն ծածկեց աստղիկին, նայեց հեգնանքով դեպի վար— երկիր ու նուրբ նազանքով մտավ ամպի տակ․․․

1913 թ. 11 փետրվարի


17. ՏԱՏ ԱՐԻՆԱՆ


1

Գետափին բարձրավանդակի վրա, ուր ձմեռվա ցեխն ու ամառվա փոշին հարաճուն են, բնակիչների պես պինդ կպել է գետնին հայտնի քաղաքի բանվորական թաղամասը։ Աղքատիկ տնակների անկանոն շարքերը, նեղ ու անհարթ փողոցների հետ, անհաշտ դիտում են հսկա քաղաքը և զարմանում, թե ինչպես մարդիկ անարդար կերպով են դասավորված երկրի երեսին, իսկ երկիրը — այդ վախկոտ տիտանը տեսնում ու զգում է այդ ու չի շարժում իր մեծ կուրծքը, չի խառնում իրար ամենքին ու չի գոռում ցասկոտ ձայնով․— «Տեղավորվեցեք ամենքդ էլ հարմար ու ազատ, անկուշտներ․ ամենքիդ էլ հավասար անկյուն կբավե իմ կրծքի վրա․․․»։

2

․․․Տատ Արինան պառավ էր, կորացած, աննեցուկ աճած ճյուղի նման. դեմքը` բարդ կնճիռների տապանակ ուխտի։ Թոռը չքնաղ էր ու կայտառ, որի պատճառով ծերերին մաշում էր օրերի անդարձ կորուստը, ջահելներին` հանդուգն փափագների խոստացող շշուկը․․․

3

— Տա՛տ, այ տա՛տ, ինձ մի տեղ ճարիր քաղցրավենիքի գործարանում․ ծխախոտի հոտից զզվել եմ. սիրտս, հոգիս բուրում են ծխախոտով․․․— տրտնջում էր ամեն օր չքնաղ թոռը:

— Քաղցրավենիքից չես քաղցրանա, անմիտ աղջիկ. քաղցրից էլ, դառնից էլ ուժով խլելու ես հացիդ գինը,— պատասխանում է տատը և իր զայրույթը դուրս թափելու համար կռվում ծեր կատվի հետ, որ վատ սովորություն ուներ նստելու մարդու մոտ և պոչը փռել ճամփու վրա։

— Է՛հ, լավ չես անում, տատիկ,— կշտամբում էր թոռը,— տե՛ս մի օր էլ ես ծխախոտ կդառնամ. ինձ կգնեն մարդիկ, կծխեն և