Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնացորդը կնետեն մայթի վրա․․․— Ու անհոգ քրքիջն աղմկում էր հյուղը, քրքրում տատի հոգսերի ու մորմոքների մեծ կծիկը․․․․

4

Տատ Արինան հեղինակություն էր թաղամասում․ նրան հարգում էին ծեր ու ջահել, նրանից քաշվում ամենքն անխտիր։ Նրա պարզ խոսքը վայր չէր ընկնում, չէր կորչում, այլ սիրով փաթաթվում էր լսողի սրտի վերքերին, վիրակապի նման փափուկ ու մաքուր տաքացնում, հանդարտացնում ցավն ու կսկիծը․․․ Նրա բարի ժպիտից լույս էր կաթում հուզվող մտքերի մութ ծալքերի վրա ու կյանք տալիս վրեժի անուժ ծիլերին։

Արբած բանվորը նրա մոտ էր գնում իր ցաված սրտի խոսքն ասելու․ դժգոհ բանվորուհին՝ մորմոքների կապոցը բանալու, չար մանուկը՝ փողոցի կռվում ստացած վերքին ճար գտնելու։ Եվ այսպես միշտ ու ամեն օր, գարուն ու ձմեռ․․․ Բանվորը տուն էր դառնում նրա մոտից էլ չխմելու երդումով, բանվորուհին՝ բարելավ վիճակի հեռավորության կասկածով, մանուկը՝ չծեծվելու համառ խոստումով։ Տատն էլ, այցելուրներն էլ լավ էին զգում իրենց և իզուր չէր, որ թաղամասը հպարտանում էր իր տատ Արինայով․․․

5

Տատը բուբլիկ էր ծախում։ Սակայն փողոցները չէր աղմկում ուրիշների նման, այլ լուռ մտնում էր փողոցից-փողոց, տնից-տուն և իրեն սպասողների մոտ սպառում բուբլիկները․ այդպես էր տատ Արինան․ մինչ պատմում էր, հանաք անում, մինչ սիրտ տալիս, մխիթարքում՝ զամբյուղը դատարկվում էր, թեթևանում․ իսկ գոգնոցի տակից կախված լայն գրպանը ծանրանում։ Ո՞վ կարող էր մերժել նրան, երբ առավոտ վաղ տաք ու կարմրած բուբլիկնեի հետ նա տալիս էր և՛ ժպիտ, և՛ համբույր, և՛ խորհուրդ, և՛ թարմ, դեռ չթևավորված նորություն․․․

Օրերն այսպես գլորվում էին իրենց սովորական ու հին ճամփով, ժամանակն իր ուզածն էր փորում տատի դեմքի վրա, իսկ հոգսը իր ունեցածը դարսում նրա ուսերին։

6

Գիտցողը գիտեր, որ տատ Արինան լավ էր ծեծվել կյանքի հետ, որ վերջինս տրորել ու քրքրել էր նրա բախտի բոլոր ծաղիկները․ սակայն ամենքին ապշեցնում էր նրա անսպառ կորովի պատկառելի մեծությունը, կարող հոգու աննվաճ դիրքը․ ոչինչ չէր կարող ընկճել ժիր տատին, ու հասկանալն էլ դժվար էր․ ծիծաղո՞ւմ է նա, թե՝ լալիս,