Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկնելուց հետո այդ թղթի կտորը ես տեսա սեղանիս վրա, մոռացել էր․

Հետևյալ օրն ուրախ ներս մտավ Մյասնիկյանը․

― Ինպե՞ս է, հավանեցի՞ք Ռուբենուն։

― Ո՛չ։

― Ի՞նչ․․․ Մի՞թե նա ձեզ վրա վատ տպավորություն թողեց։

― Եվ ինչպե՞ս։

― Փաստեր, փաստեր։

Սկսվեց վեճ։ Իմ բերած փաստերն, իհարկե, քննադատության չդիմացող արտաքին երևույթներ էին․ մռայլ Ռուբենին ինձ վրա թողել էր բառի լայն իմաստով ինտելիգենտ, բազմակողմանի պատրաստված ու բացարձակ խելոք մարդու տպավորություն, իր տիպար խառնվաքով, սակայն ինձ զբաղեցնում էր այն չտեսնված սերն ու համակրանքը, որ Մյասնիկյանը տածում էր դեպի նա և մի րոպե անգամ չէր կարողանում հանդուրժել, որ մեկը կարող է չհիանալ Ռուբենիով։

― Ձեր ասածները կնոջ հատուկ տրամաբանություն է, դուք կհավանեիք Ռուբենուն, եթե նա ներս մտնելուն պես ձեր ձեռքը համբուրեր, գովեր, որ չտեսնված հանճար եք, որ ձեր գրվածքներով զառանցում է գիշերները և այդ մոռացված թղթի կտորի փոխարեն մի բան խնդրեր ձեզանից, որպես հիշելիք․․․

Իմ գրվածքում՝ Ծերունի ձկնորսով, ես պատկերացրել եմ Ռուբենուն իր կուռ կամքով, թունալի սարկազմով ու մռայլությամբ։ Մտադիր էի ուղարկել իրեն Մոսկվա՝ կարդալու և կարծիքն իմանալու, որի առթիվ նա հայտնել էր, որ կկարդա ուրախությամբ։ Ես կասկածեցի այդ ուրախության տևողականության վրա․ կա՛մ կը մոռանար կարդալու, կա՛մ տետրը կը կորցներ, կա՛մ ինձ համար, որպես հեղինակի, ոչ հաճելի անակնկալ․․․

Մտածողին դժվար է կերակրել արվեստով․․․

Ճակատագրական մի զուգադիպություն․ վերոհիշկալ ձկնորսը կուլ է գնում մրրկահույզ ծովի ալիքներին, Ալ․ Ռուբենին՝ կյանքի․․․

Ալեքսնադր Ռուբենին չկա այլևս, իսկ իր ամբողջ վեհությամբ կանգուն է նրա սիրած գործը։

Ռուբենու հավերժության կոթողն է դա․․․

1922 թ․ 14 փետրվարի

Երևան