Որքա՜ն ափսոսում եմ, որ պիտի մեռնեմ մի օր ու նախանձում եմ ինձնանից հետո ապրողներին, որոնց բաժին է ընկնելու նոր կյանքը, նոր բաղձանքները։
Պետք է լայն սիրտ ունենալ նեղ չապրելու համար։
Կինը կատարյալ՝ կուշանա, վասնզի տղամարդու հակումները դեպի նա դեռ չեն բյուրեղացած։
Կրոնը հին գինի է, որ արբեցնում է մարդուն, պղտորում գիտակցությունը և կռվել տալիս հարևանների հետ։
Կրոնը բռնակալների համար ամպհովանի է, որի ձգած ստվերի տակ հանգչում են նոքա ոճիրներից հետո անդորր ժամանցի համար։
Երբ նայում եմ քահանային, ինձ թվում է, թե նա ծեփված է խնամքով և կյանքի ձայնը չի հասնում նրա զգայարաններին։
Ես բախտ ունեցա տեսնել աղատատենչ հույզերի մրրիկները։ Դժվար է նրանց խափանելը, վասնզի բռնությունն է ջրում նրա արմատները։
Ազատություն սիրողին բանտը դուռ չունի, շղթան՝ ծանրություն։
Գրողի վարած կյանքն ու երկերը չպիտի շփոթել, վասնզի առաջինը իրենն է, երկրորդը՝ մերը։
Մասսան հեղաշրջելու համար չպետք է մոռանալ նրա հոգեբանությունը։
Սոցիալիստական հեղափոխության ժամանակ զոերի կորուստը չեն ողբում․ ինքը կռիվն է, որ զոհերի ու արյան ուղիով ապահովում է գալիքի փրկությունը։
Զարգացող արդյունաբերությունը ինքն է սնում իր գերեզմանափորներին։
Պոետներից բախտավորն եմ ես, որ դեռ մթի միջից գուշակում էի լույս բերողների անհերքելի հաղթանակը։