Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՏՈՆ.― (Ժպտերես) Միամիտ կաց, Աննա, նա ինձ ոչ մի անախորժություն չի պատճառի, դառնությունից է այդպես ասում։ Նկատել եմ, որ նա տանջվում է, ինչ-որ կատարվում է նրանում․․․ Ժամանակով այս ամենը կանհետանա ու կհանդարտվի նա․․․ բնավորությունն էլ կմեղմանա։

ԱՆՆԱ․— Չկարծեմ․ նա միշտ դատում է առանց մտածելու։ Նա չի քաշվում մեկին վիրավորելուց։ Ամենքին կշտամբում է, ծաղրում, քննադատում։ Նրա պատճառով ազգականներս երես են դարձրել ինձանից։ Ոչ ոք չունենք մեզ մտերիմ կամ ցավակից, հարևաններս ծաղրում են. ես վախենում եմ, որ վերջը նա բոլորովին թշվառանա (Սրբում է աչքերը)։ Իսկ ես էլ ուժ չունեմ․ մանկութ տանջված ու ծեծված եմ։ Մի հարված էլ՝ կընկնիմ, հավատացեք․․․ (Լալիս է թաքուն) Այսօր ամբողջ գիշերը սպասել եմ նրան։ Դժվար է․․․ խիստ դժվար։ Ինչո՞ւ լլկում, անարգում են իմ զավակին, ինչո՞ւ խլում են նրա մարմինը․․․ մեկը չի սիրում նրան, մեկը չի մտածում նրա բախտավորության մասին։

Անտոնը գլուխը հենած ձախ ձեռին, ծխում է սաստիկ։

ՄԱԿԱՐ․― (Սրտատրոփ վազում է կողքի փողոցից) Մայրի՜կ, Միշայի փեսան կառքով եկավ, հարսնացուին տանելու է շրջելու։ Միշան ասում է, որ քույրն այլևս գործարանում բանելու չէ, չորս հատ ոսկի մատանի ունի։ Փեսան Միշային 20 կ․ է տվել։ Մայրիկ, մենք փեսա ունենալու չե՞նք։ Ինչո՞ւ Մարթան չի ամուսնանում, նա բոլոր աղջիկներից գեղեցիկն է։

ԱՆՆԱ․― (Համբուրում է) Նա էլ կամուսնանա, որդիս, քիչ համբերիր․․․

ՄԱԿԱՐ․— (Դժգոհ) Համբերի՜ր, համբերի՜ր, ամեն բանի համար համբերիր, էլ ուրիշ բան չգիտե՞ս ասելու․ (Նենգորեն)։ Ես քիչ առաջ պարծեցա տղաների մոտ, որ Մարթան էլ շուտով նշանվելու է։

ԱՆՆԱ.— Սուտ մի խոսիր, Մակա՛ր, լավ չէ։

ՄԱԿԱՐ.— Ուրիշ ժամանակ լավ չէր, այսօր խիստ լավ եղավ, բոլորն էլ զարմացան, լսո՞ւմ ես։— Իհարկե, ասաց Միշան,― Մարթան գեղեցիկ է և գեղեցիկ տղամարդու էլ պիտի գնա։

ԱՆՏՈՆ.— (Սթափվելով) Այդ ո՞ր գեղեցիկին տվիր քրոջդ։

ՄԱԿԱՐ․― (Վախկոտ) Եթե ասեմ, չե՞ք բարկանա։

ԱՆՏՈՆ․— Իհարկե ո՛չ։

ՄԱԿԱՐ․— Ասացի, որ դուք էլ Մարթային եք առնելու, բոլորն էլ հավանեցին ասածիս, չծաղրեցին, ուրեմն սուտ չէր։

ԱՆՏՈՆ․― (Ծիծաղում է) Դեհ, որ այդպես է, ահա քեզ, գնա քեֆ արա (Ուշք չդարձնելով մոր նշաններին, Մակարն անհետանում է փողոցում

ԱՆՆԱ․— Դուք երես եք տալիս նրան։