Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ագահ ցանկությունը, առօրյա հացի ահը։ Ձեզ կեղեքում, հարստահարում են գործարաններում, արհեստանոցներում, մասնավոր տներում, սակայն դուք քնած եք, չեք զգում, չեք զգում որ տանուլ եք տվել բանական մարդու ամենանվիրականը (հուզված) չեք զգում ձեր կորստի մեծությունը․․․ (Տխուր) Իսկ մեզ համար ի՜նչ խրախույս՝ տեսնել ձեզ մեր կողքին, մեր զենքերով զինված․․․

ՄԱՐԹԱ․— Զարմանալի մարդ ես։ Իսկ եթե ես զինվելու կամ կռվելու ո՛չ պահանջ եմ զգում, ո՛չ էլ տրամադրություն ունեմ։

ԱՆՏՈՆ․— (Խիստ) Պիտի զգաս, այլ կերպ չի կարելի ապրել։

ՄԱՐԹԱ․— Ես ապրում եմ և գոհ եմ իմ վիճակից։

ԱՆՏՈՆ․— (Զայրացած հետ է գնում) Գո՜հ ես․․․ մի՞թե գոհ ես դու։

ՄԱՐԹԱ․— (Նույնպես) Այո՛, մի՞թե չես տեսնում։

ԱՆՏՈՆ․— (Խուլ ձայնով) Չէ․․․ չեմ տեսնում․․․ չեմ ուզում տեսնել այդ․․․

ՄԱՐԹԱ․— Որովհետև դու ցանկանում ես, որ բոլորը դժգոհ լինեն, բոլորը տրտնջան, բողոքեն ու պահանջեն։ Երբ դու սկսում ես խոսել, ինձ թվում է, թե դուրսը անձրև է գալիս, աշնան համառ ու անվերջ անձրև, խփում է կտրին, դռանը, ծեծում լուսամուտը, ծառին, թոշնած տերևին, մարդու դեմքին՝ մի խոսքով ամեն բանի թախիծը գրկում է հոգիս։ Փախչել աշնան անձրևից չեմ կարող, ուժ չունեմ․․․ (Մտածում է) Դուրս եմ գալիս, աշունը կանչում է ինձ, անձրևը խփում է գլխիս, լիզում դեմքս, հոգիս դուրս է քաշում մոռացության երազների գրկից, լքում է, իջնում ինձ վրա, սոսկում եմ ինչ-որ անխուսափելի ցասման ներկայությունից․․․ (Գունատվում է) Ու զգում եմ, որ մի տեղ ցավ կա, մի տեղ տառապանք, մի տեղ դավն է իշխում, մի տեղ ոճիրը շրջում անպատիժ, մի տեղ մեռնում են մարդիկ, որ պիտի ապրեին, մի տեղ թաղվում են դեռ չապրսւծ։ Ահա այս եմ զգում քո նկարագրած կյանքին նայելիս․․․ Դու միշտ իմ դեմ մի մռայլ, անհատակ խորխորատ ես բաց արել ու հրում ես ինձ այնտեղ։ Հրում ես գիտակցության և արթնացած մտքի անունով, որը դու ունես, որից զուրկ եմ ես․․․ ինչո՞ւ ես անում այդ․․․ (Տանջված ու թույլ ձայնով) Իմ հոգին էլ, մարմինն էլ հոգնած են, հասկանո՞ւմ ես․․․ քեզ ինչ շահ իմ մոլորվելուց․ ամեն մարդ պիտի ապրի այնպես, ինչպես որ կարող է և ընդունակ է, ինչպես որ ինքը հասկանում է կյանքը․․․

ԱՆՏՈՆ․— (Զգացված) Լավ ասացիր՝ դուրսը անձրև է ու աշուն․․․ երբեմն քեզ խիստ հաջողվում է ազդող կերպով որոշել իրերի դրությունը։ Դուրսը անձրև է ու աշուն․․․ (Մտածում է) Իսկ ի՞նչ կանես, եթե քեզ ասեն, Մարթա, մի լքվիր, մի փախչիր, կաց (Ոգևորվում է)։ Թող աշուն լինի, լինի մեգ ու մշուշ, անձրև պաղ ու անհամբույր։ Արթուն կաց․ շուտով կհասնի կենսատու գարուն, կարմիր ու վառ արևի տակ կեռա