Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չուներ փողոց դուրս գալու․․․ Միտքը, թե քույրս կմեռնի քաղցից ու ցրտից ուժասպառ, կատաղի վագր էր դարձրել ինձ։ Նա մի սիրունիկ, կապուտաչյա, ոսկեհեր աղջիկ էր ու երբ փոքրիկ, փափլիկ մարմնով հպվում էր կրծքիս, մոռանալ էր տալիս ամեն վիշտ ու դառնություն, որոնցով լիքն է արատավորված կյանքը․․․ Ուշ գիշեր էր. ես տանից դուրս էի եկել բեռ խոստումներով․․․ Ամբողջ մարմնով սառած, փայտացած շրջում էի մայթերի վրա, հարձակվում անցորդների վրա՝ չեն վերցնում․․․ այդ գիշեր ես ընկա․․․ Հետևյալ օրը, երբ դեղին տոմսով քաղաքամասից տուն եկա, քույրս արդեն մեռած էր․․․ (Լալիս է) Լսո՞ւմ ես, պրոլետար, ահա թե ինչպես ձեռք բերի իմ իրավունքների օրինական փաստաթուղթը․․․ Ես քեզանից ավելի պատվավոր քաղաքացի եմ: Ինձ հսկում են, նայում խնամքով, բուժում․․․

ԱՆՏՈՆ.— (Սաստիկ գունատված մոտենում է ու նստում մոտը, ձեռքը դնում ուսին) Մոռացիր, մի հիշիր, թող, ինչո՞ւ ես տանջում քեզ. թող այդ ամենը․․․

ՄԱՐԹԱ.— (Կսկիծով) Ուշ է, Անտո՛ն։ (Մտածում է) Սկզբում ծանր էր ու դժվար․․․ Կարծում էի թե կցնորվեմ, չեմ դիմանա։ Իսկ երբ նայում էի շուրջս, ինձ նմաններին, ուժ էի ստանում: Թվում էր, թե այդպես էր կյանքի օրենքը։ Շատ եմ մտածել թողնել հեռանալ, սակայն ամենօրյա հացի ահը կաշկանդում էր ինձ։ Վճռել էի, ինչ գնով էլ որ լինի, նեցուկ լինեմ անբախտ մորս, որ կյանքում միայն ծեծ է կերել, ծնել ու թաղել․․․ Չեղավ։ Երեխաները կարկտահար ծաղիկների նման թոշնեցին, մեռան, քաղցն ու զրկանքը մնացին մեզ կենակից․․․ Իսկ այժմ ուշ է ու դժվար ետ դառնալը․․․

ԱՆՏՈՆ.— Իսկ եթե սիրես մեկին․․․ ամուսնանաս․․․

ՄԱՐԹԱ.— Ամենակեղտոտ տղամարդն անգամ սիրահոժար չի ամուսնանում մեզ վրա։ Մենք էլ մեր կողմից նրանց խիստ լավ գիտենք ու չենք ձգտում այդ բախտավորությանը։ Այս դեռ ոչինչ, բարիքը նրանում է, որ հասարակական կարծիքն է մեզ իշխողն ու մեր վիճակը որոշողը։ Մեզ ատում են, մեզանից խորշում։ Ո՞վ կսիրե պոռնիկ աղջկան․․․ Բացառություններ կան և կմնան․․․

ԱՆՏՈՆ.— (Հուսահատ) Դու էլ հետևիր վերջիններին։

ՄԱՐԹԱ.— Թո՛ղ․․․ կապրեմ այսպես։

(Ներս է մտնում Մակարը մի կեռ ձող ու կեղտոտ տոպրակ ձեռքին):

ՄԱՐԹԱ.— Գուցե քաղցա՞ծ ես։ Քիչ սպասիր, հիմա մայրիկը կգա: Լվացվիր, մաքրվիր (Մակարը դժգոհ ինչ-որ փնթփնթում է, լվացվում, մաքրվում ու նստում է պատի տակ:)

ԱՆՏՈՆ.— (Կարծես դառը մտորմունքից սթափվելով, Մարթային) Կերակրիր երեխային. տուն գալիս ինձ մի ընկեր ասաց, որ մայրդ ու մի քանի բանվորուհիներ մնացել են պայմանաժամից դուրս աշխատելու: