Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թափելով իմ վզից կախված և կուրծքս քերող շղթաների օղակներս, որ կյանքն իր հարակից պայմաններում, բռնությունն իր գոյության խրախճանքի կերոններով կռել են ու կոփել, հոգով թույլերի ու մտքով անզորի համար։ Ահա ես, Մարթա, որ քնած էի, արթնացա ու կարդացի բնության հրաշալիքների գերագույն գաղտնիքը, քրքրեցի մարդկային հոգու ապրումները ոսկեզօծ հյուսքին։ Ահա ես, որ սողում էի ցեխոտ գետնի երեսին, մտքով երկինքն եմ քրքրում։ Ես, որ աշխատում էի անդուլ վառ հնոցի առաջ, շեկ երկաթին տված ուժից ու քրտինքից, անմասն, անհաղորդ, այժմ հնոցն ու երկաթը ընկեր են ինձ, իսկ մուրճս իմ կամքին գերի․․․ Կարո՞ղ եմ չոգևորվել ես․․․ Թող լինի դուրսը աշուն ու անձրև, քո ասածի նման, ես արհամարհում եմ նրա լքումը, գարունն է գալիս․․․ (Ժպտալով նստում Է Մարթայի մոտ):

ՄԱՐԹԱ.— Երանի՜ քեզ։

ԱՆՏՈՆ.— (Անսահման սիրով) Ինչո՞ւ։

ՄԱՐԹԱ.— Այնպես, եթե ես քեզ նման հոգեկան վայելքների այդքան պաշար ունենայի, մենակություն չէի զգա և կապրեի երջանիկ։

ԱՆՏՈՆ.— Իսկ մարմի՞նը, մի բաժանիր նրանց, կխախտես գոյության իմաստուն ներդաշնակությունը, հոգով ապրելու դարն անցել է․․․

ՄԱՐԹԱ.— (Համառ) Ես կապրեի, ինչի՞ս է պետք մարմնավորը, որ կեղտի ու ոճիրի օրրան է (Երազանքով) Իսկ հոգուն մեկի պղտոր հայացքը անգամ չի հասնի։

ԱՆՏՈՆ.— Սխալվում ես. էությունը մի է, անբաժան, մարդն է նրան ջոկ-ջոկ անուն տալիս, լոկ տարբերելու նյութականը վերացականից։ Նրանք չեն բաժանվում, վասնզի անքակտելի են։ Սուտ է, եթե մեկն ասում է՝ ապրում եմ հոգով դա միայն ճգնավորական զառանցանք է, որ թողել են մեզ անցնող դարերն ու քրիստոնեական վարդապետությունը, ուստի նույնպես, որ հոխորտում են միայն մարմնով, չիք դարձնելով հոգեկանի դերը։ Եթե առաջինը աշխարհիս ունայնության համար է, երկրորդը նրա շինության, ուր մարմնին սնունդ տալու համար չի արհամարհվում ոչ մի պիղծ միջոց, ուր մարմնի բարեկեցության համար հարստահարվում են սերունդներ, կեղեքվում անզորներ․․․ տեսնո՞ւմ ես, սիրելիս․․․ գնանք մի քիչ թափառելու, խաղաղ ու տաք է իրիկունը ազատ դաշտում, ազատ երկնքի տակ կխոսենք, բնությունը արձակում է մարդու կապերը, նա կապանք չի սիրում։ Գնանք, Մարթա։

ՄԱՐԹԱ.— Մայրս գա, հետո․․․ (Սկսում է Անտոնի թափթփված իրերը հավաքել, սեղանը պատրաստել, գնում է դուրս):

ՄԱԿԱՐ.— (Անտոնին, որ մտազբաղ շրջում է սենյակում) Իսկ ես այսօր 9 կ․ վաստակեցի. 3-ը կպահեմ ջութակիս համար, 5-ը կտամ մայրիկին, 1-ը վաղը կծախսեմ ինձ համար։ (Ինքն իրեն) Հավաքում ես կեղտոտ հոտած լաթեր ու փող է դառնում։ (Ժպտում է) Երբ 5 մանեթը