ԱՆՆԱ.— Մակար, եկե՞լ ես, սպասել տվի, (Շտապով նայում է) եկ սրտիս, եկ իմ միակ, իմ հարազատ։ (Գրկում է, համբուրում: Նստում են ուտելու: Մարթայից ծածուկ ծոցից հանում է օղու մի փոքրիկ շիշ):
ՄԱԿԱՐ.— (Կամաց) Մի քիչ էլ ինձ թող։
(Աննան տալիս է թաքուն: Մարթան գլուխը Անտոնի սենյակի դռանը հենած կանգնում է լուռ ու մտատանջ):
ՄԱՐԹԱ.— Սիրում եմ քեզ, սակայն չեմ համարձակվում հայտնել քեզ այդ: Վախենում եմ մոտենալ քեզ՝ ես մեղավոր եմ ու արատավոր, դու անմեղ ու արժանի․․․
ՄԱԿԱՐ.— (Մորը) Պառավն ասում է, որ նա այնպես գեղեցիկ է եղել ու երգել է այնքան լավ, որ թագավորները նրան կնության չեն առել լոկ հրեա լինելու պատճառով։
Շքեղ տուն, պարտեզ, շատրվան, լայն տերրասում բացած շեն սեղան, դիմացը հեռուն տանող լայն ծառուղին մաքրում ու ջրում է ծերուկ «խոխոլը», պճնված մալոռուս ծծմայրը մանկական մի սիրուն կառք բռնած շրջում է:
ԾԵՐՈՒԿ.— (Հեռվից ապշած դիտում է նրան) Բո՛ւհ, սատանի ճուտ, փքվել է հնդկահավի նման։ (Ավելում է կասես բարկացած):
ԾԾՄԱՅՐ.— Պապ, սպասիր անցնեմ, փոշի մի հանիր։
ԾԵՐՈՒԿ.— (Հայացքով չափում է նրան) Վաղո՞ւց է, որ այդպես քնքշացել ես։
ԾԾՄԱՅՐ.— (Ծիծաղում է) Վաղո՜ւց․․․
ԾԵՐՈՒԿ.— Բայց քայլում ես կոշիկ հագած արջի նման:
ԾԾՄԱՅՐ.— (Կառքը շրջում է դեպի ծերուկը) Իսկ դու լավ ես կծում նույնիսկ ատամներիդ վատ ժամանակը։
ԾԵՐՈՒԿ.— (Ինչ-որ փնթփնթում է) Դեհ անցիր, գնա՛։
ԾԾՄԱՅՐ.— (Նստում է նստարանի վրա ձեռքերը փորին խաչելով) Օֆ, տեսա, որ գյուղից նոր եկած ես, ասի գնամ քիչ խոսեմ, մխիթարվեմ, իսկ դու վռնդում ես։
ԾԵՐՈՒԿ.— (Նայում է աչքի տակով ու ժպտում) Որտեղացի՞ ես:
ԾԾՄԱՅՐ.— (Անգիր արած դասի նման) Խարկովյան նահանգից, Ստարաբիլյան գավառից, Շուշկինյան վիճակից, Ստալակև գյուղից։
ԾԵՐՈՒԿ.— (Ավելի մտերմորեն) Ինչպե՞ս է, գո՞հ ես դրանցից (Ցախավելով ցույց է տալիս տունը):
ԾԾՄԱՅՐ.— Է՜հ, ոչինչ, լավ են կերակրում, հագցնում։