Գ. ԱՂՋԻԿ.—(Լուռ, Անտոնին դիտելուց հետո) Այժմ ինձ չի զարմացնում քո նստակյաց կյանքը։
ԼԻԶԱ․— (Բարձրաձայն) Զուր ենթադրություն։
Գ. ԱՂՋԻԿ.— Քե՞զ ինչ։
ՄԱՐԹԱ.— Գիտե՞ք, աղջիկներ, դժվար թե կարողանամ այսօր տանից դուրս գալ․․․ գործ ունեմ․․․
Ա. ԱՂՋԻԿ.— Ասա որ ամաչում ես մեզ հետ երևալու։
Գ. ԱՂՋԻԿ.— Կամ թե ամուսնանում ես․․․
ՄԱՐԹԱ.— Ո՛չ առաջինը և ո՛չ էլ երկրորդը (Մնում է շվար):
ԼԻԶԱ.— (Մի պահ մտածում է. միայն Մարթային) Ես նրանց խոսք կհասկացնեմ։ Եթե լուրջ պատճառ ունես, կեցիր: Փող պե՞տք է, վաղը կբերեմ պարտքս, հիվանդ չե՞ս․․․
ՄԱԿԱՐ․— Ես ինչպե՜ս ատում եմ այս աղջիկներին, երբ մեծանամ, տուն թողնելու չեմ․․․
ՄԱՐԹԱ.— (Ծիծաղում է):
ԼԻՋԱ.— (Ներս է ընկնում) Ասա, ի՞նչ է պատահել, չկարողացա համբերել։
ՄԱՐԹԱ.— (Բռնում է նրա կոճակից) Եկ թողնենք այս կյանքը։
ԼԻԶԱ․— (Ապշած) Մեռնե՞նք․․․
ՄԱՐԹԱ.— (Շտապ) Ո՛չ, ապրենք այլ կերպ, մի բան անենք։
ԼԻԶԱ.— Ի՞նչ գիտենք, որ ինչ անենք, հանա՞ք ես անում։
ՄԱՐԹԱ.— (Խեղճ ու մոլոր) Ես լուրջ եմ ասում։
ԼԻԶԱ․— Իսկ ես չեմ հասկանում. ապրենք այլ կերպ, կարծես մեկին խանգարում ենք։
ՄԱՐԹԱ.— Դեհ գնա։ (Դրսից հայհոյում են) աղմկում են դռան առաջ, լավ չէ։
ԼԻԶԱ.— (Երկար զարմացած դիտում է Մարթային) Բարկացա՞ր։ (Պարում է կաֆե շանտանային պար երգելով):
«Ո՛չ աղջիկ ենք, ո՛չ էլ կին,
Պատկանում ենք ամենքին,
Ու այս կյանքում անօգուտ
Չենք վայելում սեր ու գութ։
Գարուն, ամառ ու ձմեռ
Օր կը քաշենք առանց բեռ,
Մինչ թառամի մեր կաշին
Հողը տիրե մեր լեշին․․․»։
Ահա քեզ մեր կյանքը, մեր գործը (Գնում է):
(Մարթան հավաքում է աղջիկների խառնած իրերը, մտնում է Աննան, լուռ, գունատ):