ԾԾՄԱՅՐ.— (Աչքերն է սրբում) Ասում էր, որ հասարակական հողը պետք է բաժանել հավասար, տերերն էլ, ռամիկներն էլ պիտի հավասար ցանեն, քաղեն, ասում էր։
ԾԵՐՈՒԿ.— Թու․․․ (Մտազբաղ ծոծրակն է քորում):
ԾԾՄԱՅՐ.— Մարդիկ հավասար են, ասում էր: Աստված տեր ու ծառա չի ստեղծել: Ասում էր։
ԾԵՐՈՒԿ.— (Մոլոր նայում է ձեռքերին) Թու․․․ (Զսպում է իրեն):
ԾԾՄԱՅՐ.— Զինվոր գնալ պետք չէ, ասում էր, պատերազմը մեղք է․․․ բոլոր մարդիկ եղբայրներ են, ասում էր․․․
ԾԵՐՈՒԿ.— Հա՞ (Մնում է շշմած):
ԾԾՄԱՅՐ.— (Երկյուղով նայում է տան կողմը և իսկույն բարձրանում ու հեռանում է):
ԾԵՐՈՒԿ.— Թու, սատանի ճուտ․․․ Ինչեր ասաց․․․ «մարդիկ եղբայրներ են, ասում է»․․․ (Մնում է զարմացած):
ՄԱԿԱՐ.— (Գալիս է մի փոքրիկ շուն ու թերթ ձեռին) Բարև պապ:
ԾԵՐՈՒԿ.— Աստծու բարին թոռ, ի՞նչ կամենաս։
ՄԱԿԱՐ.— Սրանից երկու օր առաջ այս շնիկը գտա փողոցում։ Քույրս այսօր թերթում կարդաց, որ խնդրում են գտնողին վերադարձնել: (Ցույց է տալիս թերթը) Տե՛ս, այստեղ գրված է, որ խոստանում են վարձատրություն։
ԾԵՐՈՒԿ.— (Խեթ խեթ նայում է թերթին) Գրածին խելքս չի հասնում, անգրագետների բանակից եմ, բայց որ վարձատրելու են, այդ լավ է, տար, տղա, մի բան կտան (Մակարն ուզում է գնալ) բայց կեցիր, ինչո՞ւ բերիր, կխաղայիր հետը, նրանք շատ ունեն։
ՄԱԿԱՐ.— Ես ուզում էի թողնել, քույրս ասաց տար, նա հասարակ շուն չէ, դժվար է կերակրել:
ԾԵՐՈՒԿ.— (Ժպտուն) Տեսնո՞ւմ ես, խելոք քույր ես ունեցել, թեև աշխարհում այնքան խելոք կնիկ կա, որքան սև կոպեկ իմ ու քո գրպանում, դե՛հ տար։
(Մակարը մոտենում է տերրասի սանդուխներին, աղախինը ինչ-որ բան է դուրս բերում տան հետևից ու դնում սեղանի վրա, Մակարին նկատելով):
ԱՂԱԽԻՆ.— Ի՞նչ ես ուզում։
ՄԱԿԱՐ.— (Վախկոտ վար է առնում գլխարկը) Ձեր շնիկն եմ բերել, օրիորդ, այստեղ գրված է․․․
ԱՂԱԽԻՆ.— Ա՜, դա մեր շնիկն է, ինչպես պիտի ուրախանա օրիորդը։
(Վերցնում է շունը և ներս վազում: Մակարը զարմացած շուրջն է դիտում):
ՕՐԻՈՐԴ. (Դուրս գալով տերրաս) Այդ դո՞ւ ես բերել իմ