Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շնիկին, բարի տղա, որտեղից գտար, երբ, քեզ ո՞վ տվեց մեր հասցեն (Նկատելով թերթը) հա, կարդալ գիտե՞ս։

ՄԱԿԱՐ.— (Հպարտ) Քույրս, Մարթան կարդաց. այստեղ գրված է, որ․․․

ՕՐԻՈՐԴ.— (Ժպտալով) Որ գտնողին խոստանում է վարձատրություն։ (Մակարը գլխով է անում) Այս րոպեիս, հոգիս, սպասիր մի քիչ: (Ներս է վազում, լսվում է ծիծաղ, աղմուկ, խնդրում են մեկին նվագել, ծափահարում են):

ՄԱԿԱՐ.— (Մտազբաղ) Եթե մի մանեթ տա․․․ Ինչ սիրուն աղջիկ էր, ասաց «շնորհակալություն, բարի տղա»։ (Վճռական) Երևի կտա․․․ (Համոզված), Իհարկե կտա, իսկ եթե չբերեի՝ լավ կլիներ։ (Նայում է շուրջը) Մարթան ապրեր այստեղ․․․ Նա սաստիկ սիրում է ծաղիկներ, պարտեզ․․․ Մարթան էլ, մայրիկն էլ ասացին, որ ինչ-որ տան, իմն է, ջութակիս բախտին։ Ես համոզված եմ, որ մի մանեթ կտա։ (Կամաց ու խիստ հուզված) Իսկ երբ ջութակ գնեցի, մի օր կգամ այստեղ, առավոտ կանուխ, երբ դեռ թռչունները քնած են լինում, ամենքը, կթաքնվեմ այս ծաղիկների տակ, կնվագեմ մի նուրբ երգ սիրուն օրիորդի համար։ Նա կզարթնի իմ նվագի ձայնից, կհրամայի երգչին իր մոտ բերել. ծառաները կընկնեն քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, որ գտնեն ջութակահարին և ով էլ որ լինի, ուր էլ որ լինի տանեն օրիորդի մոտ՝ ճիշտ հեքիաթի նման։ (Պարծենկոտ) Կգտնեն։ Ես իսկույն կփախչեմ պառավ Շմարցի մոտ։ Նա ինձ կթաքցնի քուրջերի մեջ՝ փնտրիր որ գտնես․․․

(Տանից լսվող աղմուկը դադարում է—լսվում է նվագածություն, հեծկլտում, լալիս է ջութակը հուզիչ ելևէջներով և բաց լուսամուտներից դուրս լողում: Մակարը մի պահ մնում է շանթահար, գլխարկը վար է ընկնում ձեռքից: Նրա վտիտ մարմինը մերթ դողում է, մերթ ցնցվում, կցկտուր ելևէջները հիպնոսացրած նրան, քաշում են մագնիսի նման դեպի իրենց: Մակարը վերացած, լայն բացված աչքերը հառած անորոշ բարձրության, թեթև ու անձայն լուսնոտի նման տերրասի սանդուխի պատերին հենված սողում է դեպի վեր, վիզն երկարացրած ձգվում է դեպի նվագը և անմտորեն կպչում է սեղանին ու վար ձգում ամաններ, գդալներ և այլն):

ԼԱԿԵՅ.— (Տերրասի ձախ կողմից ինչ-որ բերելով) Ախ, դու սրիկա. (Խփում է տղին ու դեն հրում) Դեռ կաթնատամներդ չեն թափվել գողությո՞ւն ես անում։

ՆԵՐՍԻՑ ՁԱՅՆԵՐ.— Ի՞նչ պատահեց։

ԼԱԿԵՅ.— (Հավաքելով թափթփված իրերը. Մակարը ցնորամիտ ժպիտը երեսին կանգնել է պատի տակ) Օր ցերեկով գողություն։ (Մակարը նորից դիմում է դեպի նվագը) Ես ցույց կտամ, անպիտան գող (հարձակվում է որ խփի):