Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎԸ.— Գնանք, փրկենք Ռուսաստանը (Հուզվում է):

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ․— Չգիտես, չես հասկացել, գոնե լռիր. ի՞նչ Ռուսաստան։ Նրան միամիտ կաց, ձեռք տվող չկա. մենք գնում ենք բանվորներին օգնելու։

ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎԸ.— Դե՛հ, մի զայրանա, թող քո ասածը լինի․․․

ԼԻԶԱ․— (Մարթային) Հիշո՞ւմ ես, դու ինձ մի օր ասացիր, որ դժգոհ ես, ուզում ես այլ կերպ ապրել։ Ես այն ժամանակ չհասկացա քեզ, ավելի լավ է, առ կապիր․․․

ՄԱՐԹԱ․— (Զարմացած) Ի՞նչը։

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ.— (Բաց է անում կապոցը և հանելով մի սպիտակ կապ կարմիր խաչով տալիս է Մարթային) Այս. որպես կամավոր գթության քույրեր անարգելք կմտնենք հեղափոխականների մոտ. հասկանալի՞ է։

ՄԱՐԹԱ․— (Շշմած) Դարձյա՞լ կարմիր խաչ․․․

ԼԻԶԱ․— Մի վախենա, գնանք, ինչ ուզում է թող լինի. մի անգամ մեռնելու ենք, միևնույն չէ՞․․․

ՄԱՐԹԱ.— (Տնտղում է) Իմ խաչը․․․ կարմիր գթության․․․ ա՛խ․․․

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ.— (Բարկացած) Դե՛հ շուտ, ի՞նչ ես հիմարացնում մարդու։

ԼԻԶԱ.— (Աչքով է անում) Դու էլ նախօրոք մի տաքանա։

ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎ ԱՂՋԻԿ․— Միևնույնը չէ՞, մի օր մեռնելու ենք Ռուսաստանի․․․ (Հանդիպելով աղջկա հայացքին լռում է):

ՄԱՐԹԱ.— (Մի պահ նայում է մորը, ապա ջութակին և հանկարծ գունատվում, խեղդված ձայնով ասում է) Լավ, գալիս եմ․․․ սպասեցեք ինձ բակում, մորս ասելիք ունիմ․․․

(Աղջիկները գնում են՝ նախօրոք թևերին կապելով կարմիր խաչեր):

ՄԱՐԹԱ.— Մա՛յր, լսիր ինչ եմ ասում։ (Մայրը հրում է նրան) Մա՛յր, գնամ Մակարին բերեմ․․․ Մակարին։ (Ցնորվածը չի նայում նրան): Մա՛յր, Մակարին քաղաքամաս տարան, գնամ, բերեմ․․․

ԱՆՆԱ.— (Նստում է ու լալիս) Արդեն տարան, խեղճ երեխա։

ՄԱՐԹԱ․— (Անհամբեր) Գնամ բերեմ նրան․․․

ԱՆՆԱ.— (Անտարբեր) Գնա, աղջիկս, գնա։

ՄԱՐԹԱ.— (Ազատ շունչ քաշելով) Դե՛հ, լսիր, ահա գնում եմ, դու տանից դուրս չգաս․․․ Եթե քեզ հարցնեն իմ մասին, կասես, որ գնացել եմ Մակարին տուն բերելու։ Պահարանում ուտելիք կա, օղի էլ․․․ (Աննան օղու անունը լսելուն պես վեր է ցատկում):

ԱՆՆԱ.— (Շտապեցնելով) Գնա՛, գնա՛, կուշանաս (Անհամբեր նայում է պահարանին):