Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՐԹԱ.— Գնում եմ․․․ Կարո՞ղ եմ չգնալ․․․ Ծնվեցի կարմիր խաչով. ինչո՞ւ չմեռնել նրան թևիս կապած․․․ (Մարում է) Երևի երջանկության համար չեմ ծնված եղել․․․ Ա՜խ, Անտոն․․․

ԱՆՆԱ․— Գնա՛, գնա՛․․․ կուշանաս․․․

ՄԱՐԹԱ.— Թշվառ կին (Կոմոդից ինչ-որ հանում է ու պահում կրծքում): Բոլոր երեխաներիդ մահը գողացավ քեզանից, իսկ ինձ դու քո ձեռքով ես ուղարկում․․․

ԱՆՆԱ.— (Սարսափած) Գնա, աղջիկս, կուշանաս․․․ չես հասնի․․․ (Աղջիկները թակում են դուռը):

ՄԱՐԹԱ.— (Հուզված) Լավ, թող լինի այսպես․․․ դեհ մնաս բարով (Գրկում է):

ԱՆՆԱ— (Ճչում է սարսափահար) Կուշանաս․․․

(Մարթան դուրս է վազում):

Ե. ԱՐԱՐ

(Բարձրավանդակ, հեռուն սևին է տալիս քաղաքը, ձյունախառն քամի, նեղ փողոցներում երևում են մարդկային սիլուետներ, երբեմն լսվում է հրացանաձգություն: Բարիկադի մոտ նստած են մի ծերուկ ու մի քանի բանվորներ, աղմուկ, կանչ, ծիծաղ):

ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ․— (Ծերուկին) Պատմի՛ր, պատմի՛ր։

ԾԵՐՈԻԿ.— Հա, ինձ ասացին, որ հսկեմ ճանապարհը ու մարդ երևալուն պես շվացնեմ։ Մտա վագոնի տակը և նայում, թե ո՞ր տխմարը ծուղակն է ընկնելու։ Հանկարծ փսփսոց եմ լսում։ Թու, սատանի ճուտ, տղամարդը մեռնելիս էլ այդպես չի փսփսում։ Կամաց սողում եմ առաջ և ի՛նչ եմ տեսնում (Ծիծաղում է ինքնագոհ ու ներս է քաշում ծուխը) երեք հոգի (Ծիծաղում է թուլացած) Օ՜ֆ․․․ երեք աղջիկ դիմում են առաջ։ Ի՞նչ անել, շվացնեմ, վախից վայր կընկնեն. դեհ եկ ու դրանց խոսք հասկացրու, չշվացնեմ չի լինի, ընկերները դժգոհ կմնան։ Վերջապես խելքիս զոռ տվի և վճռեցի սուտ վիրավոր ձևանալ ու սկսեցի ողորմելի ձայնով տնքալ։ (Պառկում է ու ձևացնում) Օ՜ֆ, օ՜ֆ, անգութներ, անաստվածներ, ի՞նչ ուզեցիք ծերիցս, ես ձեզ ի՞նչ էի արել․․․ աղջիկները քարացած կանգնեցին. մեկը, որ հազում էր շարունակ, ասաց.— թողնենք, փախչենք,— մյուսները ինչ-որ փսփսացին։ Մի անպիտան էլ ասաց.— գուցե լրտես է, թող սատկի շան պես։— Իսկ երրորդը, որ մի բարձրահասակ սիրուն աղջիկ էր, խիզախորեն մտավ վագոնի տակ և մոտեցավ ինձ․․․ (Լռում է խորհրդավոր):

ԲԱՆՎՈՐՆԵՐԸ․— Հետո՞, հետո՞։

ԾԵՐՈՒԿ.— (Ժպտում է) ․․․Գրկեց գլուխս և անուշ ձայնով հարցրեց իմ ցավի մասին։