Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՂԵՈՊԱՏՐԱ



Կյուդնոսին վրա քարավազ
Հնչեց տավիղ, հնչեց վին…
Եթովպացի մոպնիազ
Կերգե՝ քիթին վրա կուրին.

«Սահե՜, ո՜վ նավ, սահե՜ շուտ,
Արծաթ ցռուկիդ ես գերի.
Մեջդ սիրտ մը բոցանուտ
Դափնեվարդի պես կայրի։

«Դշխո, նավակդ բուրյան
Ունի սատափ թևճակներ,
Որոնց ծայրեն կտեղան
Ադամանդյա կայլակներ։

«Սահե՜, ո՜վ նավ, սահե՜ շուտ․
Ահա Տարսոնը գինով,
Կուզե Իտալը անգութ
Շղթայվիլ մեղկ թևերով։

<Բամբի՜շ, դեմքեդ կցոլան
Բոցեր՝ գետի երեսին.—
Լուսինն այսպես կուգա ման
Ջուրերուն վրա Նեզոսին։

«Սահե՜, ո՜վ նավ, սահե՜ շուտ
Ծաղկածիծաղ ափն ի վեր.—
Նուռ մ՚ավասիկ կարմրակուտ
Այգիեն մեջդ Է ինկեր։

«Դշխո՜, վրադ պարզեր են
Ամպհովանի մ՚ոսկեթույր։
Աոջևգ խունկ կծխեն
Յոթը նաժիշտ, յոթը քույր։