բորբոքել հայրենասիրություն և անձնազոհություն։ Նա անխնա ձաղկել է ազգային հետամնացությունը, տգիտությունը, խաբեությունն ու ստրկամտությունը, դրամի պաշտամունքը և կեղծիքը։
Շահազիզի բանաստեղծություններից շատերը ժամանակին մտել են գրական ժողովածուների, երգարանների ու դասագրքերի մեջ, արտագրվել ու տարածվել («Առաջին սեր», «Առաջին տեսություն», «Սիրո կարոտ», «Սիրո կյանք», «Երազ», «Գիշեր» և այլն)։ Ինչպես վկայում է Եր. Շահազիզը, «...ոչ ոք արևելահայ գրականության մեջ մինչև այդ այդպես համարձակ, այդպիսի անուշ ու ներդաշնակ լեզվով, այդպիսի քնքուշ ու նուրբ երանգներով սեր չէր երգել, չէր գովաբանել»։ Այդ կարգի հրատարակություններից հիշենք նաև «Քնար հայկական» երգարանը (1868), որ լույս է տեսել Մ. Միանսարյանի խմբագրությամբ և պարունակում է Շահազիզի գործերից տասնմեկը («Գիշեր», «Ազգային վինակ», «Խնդրեմ, վեր կացեք...», «Աղջկա երգը», «Երգ մեռնող հայրենասիրի», «Երազ», «Իտալացիք և իտալուհիք», «Կեցցե՛ սուրբ գործը», «Հայաստան և նորա որդիք», «Այն երազ էր...», «Գերի հայի աղոթքը»)։
Սմբատ Շահազիզի ստեղծագործությունների ինքնագրերը, չնչին բացառությամբ, մեզ չեն հասել։ Միայն մի քանի նմուշ, հրաշքով փրկվելով ժամանակի ամենակուլ ձեռքից, ներկայումս պահվում են Հայաստանի կուլտուրայի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և Մ. Մաշտոցի անվան մատենադարանում։ Այդ իսկ պատճառով, ներկա հրատարակությանը ձեռնարկելիս՝ հենվել ենք բանաստեղծի կենդանության օրոք, իր իսկ մասնակցությամբ հրատարակված՝ «Ազատության ժամեր» (1860), «Լևոնի վիշտը...» (1865) և «Հոբելյանի տարեդարձ» (1893) ժողովածուների վրա, որոնց մեջ ընդգրկված է Շահազիզի բանաստեղծական ժառանգության գերակշիռ մասը։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հայաստանում լույս է տեսել Շահազիզի բանաստեղծությունների մեծ