Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15 Այս մեծ խրատին և պայծառացած՝
Յուր մեռելություն լուսով փարատեր։

Իցե՞ թե, աստված, Հայն խոստովաներ
Յուր անոսրամիտ առաջնորդների
Վարդապետություն, յուր մտքի վերքեր,
20 Եվ թափե՜ր դոցա, որպես թույն իժի։

Հայն դոսացել է, վա՜յ նորա օրին,
Անգութ խավարի գավազանի տակ.
Ե՜վ խեղճի կյանքը, և՜ խեղճի հոգին
Ապականելով՝ դարձել է փլատակ։

25 Խավարն է Հային ճակատագրել
Կապույտ երկնի տակ հրանյութ շանթեր։
Եթե ոչ այդպես, պիտո էր կարծել,
Հայը կըփայլե՜ր, Հայը կըտիրե՜ր...

Ո՞վ են վարժապետք այդ անբախտ ազգի,
30 Ո՞վ քարոզիչներ լուսավորության.
Ո՞ւր են դպրոցներ գիտությունների,
Քանի՞ աշակերտ ուսումնառության։

Հայ ազգ, ինձ ասա՜, ի՞նչ վարժապետներ[1]
Ունիս դու քո մեջ դաստիարակիչ,

  1. Ոչ ոք թող կողմնակի մեկնություն չտա մեր խոսքին, իբրև. թե մեք հարձակվում; էինք հայտնի անձին վերա. այդպես մտածողը ամենևին չէ հասկացել մեր գործի ներքին կապը ու խորհուրդը։ Վարժապետ և, ի վերջո՝, ազգասեր, կրոնուսույց ասելով ունինք ապացույց ոչ թե
    մի Մարկոս, մի Կիրակոս, մի Մարտիրոս, այլ, համարյա, ընդհանուր ազգային վարժապետությունը։ Եթե մեզ ներեր մեր գործի չափը ու պատշաճը, մեք կարող էինք մեծարելի փաստերով համոզել այդ. բանի մեջ և նույնիսկ ինքնահավան հակառակորդքը մեր։ Բայց թողնենք այժմ. մի այլ ժամանակ, գուցե, ձեռնարկենք (ծանոթ, հեղինակի)։