Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղջիկը չունի դաստիարակություն,
Ո՛չ ազգի հոգով և ո՛չ օտարի.
Արտաքին պչրանք և փայլողություն,
220 Ա՛յս է հոգևոր կերակուր կյանքի։

Նորա մանուկ սիրտ չէ ընդունարան
Այն անախտ սիրո և զգացմունքի,
Որ Տեսչությունը զարդարեց նորան՝
Տալով մի նեցուկ դեմ բռնավորի։

225 Թարշամած է վարդ, վա՜րդ քնքշության.
Անգործ է ուղեղն անբախտ աղջկան.
Այդ բարձր ճակատ, այդ մաքուր աչեր
Չունին ներքին հուր, ո՛չ լուսո կայծեր։

Եվ երանություն չէ բացվում ձեզ ծով,
230 Երբ դուք նայում եք աղջկա վերան.
Տեսեք, ի՞նչ տխուր գծագրներով
Ներկայանում է քույր մեր անպաշտպան։

Ահա՛ ժամանակ հասավ պսակի,
Նա մտնում է կյանք, ի՞նչ խորհուրդ ունի,
235 Ի՞նչ մայր կարող էր լինել այդ աղջիկ,
Երբ տղամարդին դարձավ խաղալիք։

Այդտեղ անօգուտ սուրբ ամուսնություն,
Նա մարմնական է միայն ցանկություն.
Այդտեղ տղամարդ կնոջ բռնավոր.
240 Կինը հնազանդ, կի՛ն անձայն, անզոր։

Նա ծառա, նա հարճ, նա ցած աղախին,
Նա ցավով ճընշված մայր զավակածին.
Այդ ա՛յն Եվան է, որ մահի կնքով
Ստացավ վիճակ Մովսեսի գրչով։