Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեք կկապեինք մայրենի խոցեր,
190 Նորան կտայինք բոլոր մեր զարդեր.
Մեք Հայի վիշտով կվշտանայինք
Եվ թշնամու դեմ սո՛ւր կհանեինք։

Վկա է աստված, ոչ ոք նոցանից
Ո՛չ խրատեց մեզ և ո՛չ կշտամբեր,
195 Երբ սիրտս, սթափված անհոգ օրերից,
Առաջին ծնունդն օտարին նվիրեց»։—

«Ուրե՞մն ծնողնե՞ր, ուրե՞մն հա՞յր, մա՞յր
Պատճառ են այսչափ ազգասպանության.
Բայց ո՞ւր է ամոթ։ Ո՜վ անառակ դար,
200 Ո՜վ անջնջելի խայտառակության։

Հայը կորչում է, նոքա անհոգ են՝
Խեղդված ծովի մեջ շահըստացության.
Սուրբ ազգությունը արհամարհում են,
Որպես անպիտան կոտրած մի աման»։

205 Այսպես, ման գալով լայն փողոցներում,
Լևոն տեսնում էր մի անառակ կյանք,
Որ սիրելի էր հին Ասիայում,
Մի բթացա՜ծ կյանք և անընդունակ։

Այդ դատարկ կյանքը, ուր լոկ պերճություն,
210 Խառն ունայնասեր հրապուրանքով,
Ուր արևելյան անկարգ հղփություն
Գոռոզանում է յուր լկտի դեմքով։

Այդ նանիր կյանքը թափում է, յուր թույն
Բոլոր շրջակա բնության վերա.
215 Հոգի, հավատ, կամք, ուսում, կրթություն.–
Սոքա մի խոսքով մնում են անզգա։