Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ կույս Ա***

(էջ 40)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 75)։

Նվիրված է դարձյալ իր սիրած օրիորդին՝ Աննային (տե՛ս նախորդ բանաստեղծության ծանոթագրությունը)։

Նա**շա»

(էջ 41)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (Էջ 77)։

Նվիրված է, հավանաբար, Նատաշա անունով ինչ-որ օրիորդի, որի անվան գաղտնագրված ձևն էլ դարձել է խորագիր՝ Նա**շա=Նատաշա։

Մահուչափ հարված

(էջ 42)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 79)։

Անհասկանալի է, թե ինչո՞ւ գրության թվականը լիովին չի նշել հեղինակը. դատելով ոտանավորի բովանդակությունից՝ այն պետք է նույնպես գրված լինի 1858—1859 թվականներին:

Հնաբանը խելագարված Օֆելյայի երգից է։ Քաղված է Շեքսպիրի «Համլետի» Ն. Ա. Պոլևոյի թարգմանությունից (տե՛ս Уильям Шекспир, Гамлет։ Избранные переводы. М., 1985, էջ 192)։ Հ. Մասեհյանի հայերեն թարգմանությունը, որ հարազատ է անգլերենին (տե՛ս Վիլյամ Շեքսպիր, Ընտիր երկեր, հ. 1, Երևան, 1951, էջ 80), զգալի տարբերություններ ունի Ս. Շահազիզի վկայակոչված տողերի համեմատությամբ.

Ինչպե՞ս ճանաչեմ ես քո յարին
Այնքան ջահելներից,
— Իր գլխարկի խեցիներից,
Փայտից, սանդալներից։

Պոլևոյն, ընդհանրապես, իր փոխադրած «Համլետի» շատ հատվածներում հարազատ չի մնացել բնագրին, մանավանդ, երբ գտել է, որ այս կամ այն հատվածը, օրինակ գլխարկի վրա խեցիներ կրելու մասին քառատողը, անհասկանալի կմնա հանդիսատեսին (այս թարգմանության առաջին բեմադրությունը մեծ հաջողությամբ տեղի է ունեցել Մոսկվայում 1837 թ., Պ. Ս. Մոչալովի բենեֆիսին)։ Մինչդեռ հիշյալ քառատողը վկայում է, որ այն ժամանակ ուխտավորները սովորություն են ունեցել խեցիներ կրել իրենց գլխարկի ճակատին, և շատ սիրահարներ, որ ուզեցել են անճանաչելի մնալ սիրային հետապնդությունների օրերին, ծպտվել են՝ ուխտավորի զգեստներ հագնելով։