Էջ:The Architecture, Tom 1.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ 5-րդ դարու առաջին վերածնության մեջ երևում է մանվածոների ճաշակը հայոց մեջ՝ անշուշտ ազդված Արևելքից: 7-րդ դարուն, արդեն որոշ աստիճանի զարգացած է գեղարվեստական այս ոճը հայոց ճարտարապետության մեջ. քանդակված են մանվածոներով սյուների խոյակներ և խոյակների մեծ գնդագլուխ կողովներ. իսկ այս երրորդ վերածնության մեջ ոչ միայն գերազանց կատարելությամբ, այլև ընդհանուր պահանջ դարձած շենքի զանազան մասերի ըստ պատշաճի մանվածո քանդակներով մանվածոյի հյուսվածները երբեմն հիացում պատճառելու չափ նրբության և բարդությունների հասած են: Ճարտարապետական մանվածոների այս ոճը եվրոպական գիտության մեջ, առանց վերապահումների, արձանագրված է իբրև բացարձակ հայկական ոճ, որովհետև համաշխարհային ճարտարապետության մեջ ոչ մի տեղ այնքան կատարելության հասած և գործնական եղած չէ, որչափ, Հայաստանի մեջ:

Շենքերի գլխավոր պատերի շիեելակերպերը գրեթե հետևողություն են առաջին և երկրորդ վերածնությունների որմնաշինության կերպերին, այսինքն՝ երկու երեսը ծածկող սրբատաշ քարերի արանքում կրաշաղախ մանր ու խոշոր քարերով խառն հաստատուն բետոն է կազմված երեսների սրբատաշ քարերի հետ սերտիվ միացած, և պետք է ասել, որ երեսների սրբատաշ քարերը, պատերը լավ չորանալուց հետո պարզ ծեփի արժեքն ունեցել են գրեթե։ Անշուշտ, այս պատճառով է, որ կառուցումից երկար ժամանակ հետո, երբ կարիք է զգացվել արտաքին երեսները նորոգելու, ամենայն խնամքով, ամբողջովին քանդել են երեսների քարերը և տեղը նորը շարել, առանց պատերի հաստության վնաս հասցնելու։ (Այս գործողությունը կատարված է 7-րդ դարուն կանգնած Մրենի տաճարի արևմտյան ճակատում, հավանորեն 11-12-րդ դարերում, իսկ 10-րդ դարի վերջում կամ 11-րդ դարի սկզբում կանգնված Անիի կաթուղիկեի արևմտյան ճակատը հաջողապես նույն գործողության ենթարկված է կեսից վերև մինչև կտուրը): Այս վերածնության ժամանակ բոլոր մեծամեծ շենքերի համար ընդունված պատերի հաստության չափն է 70-80 սանտիմետր։ Պատի երես շարված քարերը, որոնք վերին և ստորին հորիզոնական եզերքների վրա մի փոքր տաշված էին դեպի ներս, 7-րդ դարուն, որով շարվելուց հետո հորիզոնական եռանկյուն խոր գծեր էին երևում, այժմ այդ տաշվածքները չկան, այլ քարը քարին վրա ուղիղ նստած է այնքան մաքուր, որ երկու քարերի հպման տեղը հազիվ թե մի բարակ գիծ նշմարելի է. շատ անգամ քարերի տարբեր գույներով են որոշում, որ տարբեր քարեր միմյանց վրա կամ կողքը դրված են, եթե ոչ գրեթե առանց ուշադիր նայվածքի բնավ չեն երևում քարերի միացման գծերը։

Շենքի ընդհանուր որակը, թեթև այլազանությամբ նույնն է, ինչ որ 7-րդ դարու կեսից հետո սովորական եղած է, այն է՝ պսակի վերևից և ներքևից հորիզոնական moulur-նեը, moulur-ների արանքը մի լայն շերտ, որուն վրա քանդակված են մանվածո քանդակներ, այս մանվածոյի ձևը երբեք փոփոխված չէ և միևնույն օրինակով քանդակված են մինչև վերածնության անկումը կանգնված շենքերի պսակին մեջ: Այս վերածնության մեջ շատ է սիրված զանազան գույներով խառն, անհամաչափ դասավորված քարերով պատեր շինել: Մեկ և կես մետր լայն բացվածքով դռների վրա իբրև վերնասյամ դրված են միակտուր լայն քարեր, որոնց վրա երբեմն կան թեթև քանդակներ կամ արձանագրություններ. իսկ ավելի լայնություն ունեցողների վերևները կամարակապ ծածկված են, սակայն, առհասարակ կամարակապի կիսաբոլորակ մասը փոխանակ բաց մնալու, դռան լայնության տրամագծով կիսաբոլորակ միակտուր քարեր դրված են և ճակատին արձանագրություններ կամ խորհրդավոր քանդակներ են քանդակված։ Սովորաբար լայն դռների երկու կողմը դռան բացվածքի և բարձրության համաչափությամբ որմնասյուներ են շինված և վերևը մուլյուրազարդ աղեղներով պսակված, իսկ սյուներ չլինելու դեպքում, լայն և գեղեցիկ քանդակազարդ բարավորներով և վերնասյամով շրջանակված են:

Տանիքները ծածկելու համար այլևս կղմինդրներ գոյություն չունին, կղմինդրներին փոխարինած են 8-10 սանտ. հաստությամբ քարե լայն տախտակներ և հաճախ այդ տախտակները խիստ ճարպիկորեն սղոցելով պատրաստված։ Տանիքի քարերը միմյանց սերտորեն հագցնելու համար, այսօր իսկ մեզ անծանոթ մի ճարպիկ ձև ունին, որուն շնորհիվ մինչև այսօր իսկ մի կաթիլ ջուր չէ անցած ծածկի տախտակների ներքև. նույն իսկ այդ ձևի հեռուցմամբ առանց քարը կոտրելու անհնար է պոկել մի քար։ Քարերի սղոցման ապացույցներ կան նաև պատերի մեջ. բարակ քարեր պետք գալու դեպքում մինչ 3-4 սանտ. հաստությամբ սղոցված քարեր են մտցրած շարքի մեջ։

Ներքին և արտաքին մեծ կամարներն ու աղեղները, աննշան բացառությամբ, երկկեդրոն աղեղներով են կազմված, որով աղեղի կամ կամարի գագաթին աննշան մի բեկում առաջ եկած է։ Աղեղների այս ոճը, թեև 7-րդ դարու կեսից հետո մի քանի շենքերի մեջ իրագործված է (ինչպես Բագարան և այլն), սակայն այս երրորդ վերածնության մեջ ընդհանուր օրենք է դարձած։ Միակեդրոն կիսաբոլորակ աղեղներ որևէ նկատումով չեն սիրված։

Մի ժամանակ աղեղների և կամարների այս ոճը համարվում էր գոթական ոճ. բայց այս կարծիքն ընդդիմախոսներ ունեցավ, որովհետև նկատել էին, որ նախքան գոթական երևնալը, Պարսկաստանի մեջ կառուցել էին նույն ձևով կամարներ։ Գոթական ոճը երևան է գալիս Արևմուտքում 13-րդ դարու կեսից հետո, իսկ Հայաստանում՝ դեռ 7-րդ դարու կեսից հետո, թերևս որևէ արտաքին ազդեցությամբ: 10-11-րդ դարերին արդեն ընդհանրացած է Հայաստանի մեջ, Եվրոպայի մեջ գոյություն ստանալուց մոտավորապես երկու դար առաջ։ Աղեղների այս ոճը պարսկական լինի թե գոթական, սակայն կա մի երևույթ, որով փոքր ի շատե ապացուցվում է, որ գոթական ոճի նախատիպը համարված ձևերը միշտ երևցեր են Հայաստանում, թեև նվազ զարգացած, այնուամենայնիվ գոթականի վերածնությունեն շատ առաջ։ Այդ իսկ պատճառով, մի քանի ևրոպացի արվեստագետ ճանապարհորդներ որոնք տեղեկություններ չեն ունեցեր