Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ բյուզանդականի շատ բան պարտելով հանդերձ, երբեք անոր ստրկական ընդօրինակությունը չէ։ Այլ սակայն, մյուս կողմանե ինչ որ հարկ է ըսել, այն է, որ եթե այս արվեստը էական ոչինչ չէ տրված բյուզանդականին, սակայն իր առանձնահատկության պարտական է ուրիշ կողմեր ու վրա հետաքրքրական տարածումը։ Հայաստանին հետևած է Վրաստանը, և այստեղեն բյուզանդական տիրապետության երկիրները շրջան ընելով, ազդեցության ընթացքը հասած է Ռուսաստան և Հարավային սլավերու մեջ։ Մոքվիի[1] և Կիևի ս. Սոփիա եկեղեցիներու հատակագծերուն մեջ նշանակելի նմանություն մը կա, և մարդ կարող է ինքնին հարց տալ, թե ռուսական հին եկեղեցին բյուզանդականե ավելի հայ ճարտարապետի մը գործը չէ՞ արդյոք։ Բյուզանդիոնի ենթակա Հայաստանը զուգահեռաբար օգներ է քրիստոնեական արվեստը Արևելքի մեջ տարածելու»:

Cհ. Diehl-ի աշխատության մեջ հոդվածով գրեթե փակված է հայ արվեստի ուսումնասիրությունը. և, ինչպես կտեսնենք, թեև անվճռական, բայց ավելի փակված դեպի հայ ստեղծագործություն, դեպի հայ արվեստի ինքնուրույնություն և որոշ չափով ալ իր դրացիներու վրա ազդեցություն ունենալը:

Այս անվճռականություններ և տատանումներ դեռ շատ երկար կտևեն, եթե գիտնականներ իրենց ուշադրությունը չդարձնեն քանի մը հանրածանոթ շենքերե զատ, ուրիշ անծանոթ մնացած անհամար շենքերու վրայ և կամ, ավելի ճիշտը, մենք անոնց ուշադրությունը չհրավիրենք։

Աշխարհի ամեն կողմեն եկողը կերթա Էջմիածին. Մայր-Տաճարեն հետո կտեսնե անոր անմիջապես քովիկը Հռիփսիմեի, Գայանեի վանքերը և նորագյուտ Զվարթնոցը, և ասով գրեթե կվերջանա Արարատյան նահանգի արշավանքը։ Անդին կմնան ավելի քան Էջմիածինը հնության մեծ հավաստիք ներկայացնող հիշատակարաններ, որոնք իրենց տարբեր ոճով, տարօրինակ զարդաքանդակներով, իսկական բանալիները պիտի ըլլային հայ ճարտարապետության, մինչև իսկ հեթանոսական շրջանները լուսաբանելու:

Էջմիածնեն հետո արշավանքի ասպարեզ է աշխարհահռչակ Անին, ուր շնչասպառ կվազեն անոր կախարդական անունեն հափշտակված. սակայն այնտեղ գնացողներն ալ, ամենեն շատ մեկ կամ երկու օր միայն ժամանակ ունին տեսնելու։ Չորս կիլոմետր տարածության վրա ցրված ամեն կողմ կանգուն ու կիսականգուն շենքեր և բազմաթիվ գեղաքանդակ բեկորներ դիտելու, քննելու և ուսումնասիրելու համար բավական չեն մեկ երկու օրերը. այսքան կարճ միջոցի մեջ հազիվհազ կարող է տպավորություններ արձանագրել խուզարկուն և մեկնիլ:

Անիի շուրջը բազմաթիվ հիշատակարաններ կան, որոնք երբեմն ավելի գերազանց են, քան Անիի հիշատակարանները. ոչ ոքի մտքեն անգամ անոնք ալ տեսնել, որոնց մեջ 10-14-րդ դարերու ճարտարապետական այնպիսի սքանչելի նմույշներ կան, որպիսիք Անիում երբևիցե գոյություն իսկ չեն ունեցեր։ Թեքսիեն, ֆրանսական կառավարութենեն լիազորված, 1839 թվին եկեր է Հայաստանի հնությունները ուսումնասիրելու. եթե չեմ սխալիր, իր ամբողջ արշավանքը կատարեր է միայն չորս ամսվան մեջ, Անիի ուսումնասիրության համար ալ հազիվ ժամանակ ունեցեր է չորս օր։ Ահա այս տեսակ շտապ գործունեության հետևանքն է, որ այսօր քաոս ստեղծվեր է հայ արվեստի ուսումնասիրության գործին մեջ, նույնպես են վարվեր նաև ուրիշ բոլոր ծանոթ հնախույզներ։

Թեքսիեի նկարագրած Անիի կաթուղիկեն, բացի ուրիշ իրականին անհամապատասխան մասերե, հարավային դուռ մը ունի, որուն ձևը և վրայի զարդաքանդակները երբևիցե գոյություն իսկ չեն ունեցեր այնտեղ։ Գմբեթին տրամագծին մոտավորապես երեք մետր նեղ նկարագրվելեն, հայ ճարտարապետության մեկ առանձնահատկությունը թաքուն մնացեր է մինչև այսօր, որն որ վերին աստիճան հետաքրքրական ըլլալեն զատ, միմիայն Հայաստանի հատուկ գմբեթաշինության ոճ է եղած: Հատկապես այս մասին արժե առանձին հոդվածով մը խոսիլ:

Նմանապես Թեքսիեի աշխատությունն է Տեկորի տաճարին plan-ը, facade-ներ են, որոնք բոլոր ուսումնասիրողներու քննության միակ աղբյուրն են և տասնյակ անգամներ տպագրված զանազան հեղինակներու կողմանե:

Բացի այն, որ plan և facade լիովին չեն համապատասխաներ, նաև plan-ի մանրամասնությանց մեջ իրականին անհամապատասխան ավելի կամ պակաս մասեր են մտեր։ Ներքին մեծ մույթերու անհարազատ ընդօրինակությունը եթե չըլլար, թերևս ավելի վաղուց ուշադրության կառնվեր անոր խիստ հետաքրքրական և առեղծվածներ պարունակող ձևը:

Հակառակ Թեքսիեի բարեխիղճ և ուղիղ դատողություններուն, ինչպես հառաջ եկեր են չափագրական և գծագրական սխալները, այդ մասին արդեն մասամբ խոսեցանք։

Կեստների նկարած sphérique գմբեթավոր Մաստարայի եկեղեցին տեսնողը ըստ ամենայնի իրավունք ունի կարծելու, թե 7-րդ դարուն Հայաստանի մեջ բյուզանդական գմբեթներու ազդեցությունը անվրեպ էր. մինչդեռ Մաստարայի եկեղեցվո գմբեթը ամենևին sphérique չէ եղած և ամենահին շինվածքն է, որ անփոփոխ հասեր է մեզի. Մաստարայի եկեղեցին, թերևս նորոգված ըլլա շատ մասնավոր կերպով 10-րդ դարեն ոչ ուշ, բայց առանց ձևի փոփոխության։ Ոչ միայն Մաստարայի մեջ, այլև բովանդակ Հայաստանի մեջ հայերուն մտքեն անգամ չէ անցած արտաքուստ spliérique երևույթով գմբեթներ շինել։ Այս տեսակ օրինակներ անհատնում են, մանրամասն թվել ավելորդ է. ցանկալի է, որ այսուհետև գոնե չպատահին, և հին պատկերներ ուսումնասիրության առարկա չըլլան։

Պահ մը ենթադրենք, որ որևէ հնախույզ Անին և Շիրակը շատ լավ տեսավ,բայց այսքան փոքր մաս մը տեսնելը բավական չէ հայ ճարտարապետության իսկական առանձին հատկությունները որոշելու: Անին և Շիրակը իրենց մեջ շատ աննշան թվով ունին 10-րդ դարեն անդին անցնող հիշատակարաններ։ Ավելի հիները՝ հեթանոսութենե ի քրիստոնեություն փոխանցման

  1. Մոքվին գտնվում է Աբխազիայում: