Սակայն բազմաթիվ դառնաղետ փորձերով խրատված դժբախտ ժողովուրդը՝ այլևս հավատ չընծայեց սնամեջ խոստումներու և կանոնավոր կերպով գրեթե մինչև հետին մարդը գաղթեց թաթարաց սահմաններեն ամբողջ մեկ դարու տևողության մեջ։
Մեկ կողմանե գաղթը, մյուս կողմանե գերեվարությունը ինչպես ամեն կողմ, նույնպես ալ դեպի Փոքր Ասիա, փոխադրեցին Հայաստանի 13-14-րդ դարերու արվեստը, անկեց ալ մինչև Բսփորի ու Մարմարայի ափերը, որուն հետքերը նշմարեց առաջին անգամ A. Choisy (A. Choisy, Hist. de l'Arch. T. II, p. 22).
Կիրակոս Գանձակեցին կպատմե, թե Չարմաղանը երբ Անին առավ «Սուր ի վերայ եդեալ կոտորեցին սակաւ կանայս և մանկանս թողեալ և արս արհեստաւորս զորս վարեցին ի գերութիւն» (Կիր. Գանձակեցի, Մոսկվա, 1858, երես 152)։
Թաթարներու և սելջուկներու գերեվարությամբ հայ արվեստին կատարած արշավանքը անոր արշավանքն է։ Անկեց առաջ կատարած արշավանքները տակավին ուսումնասիրելի են և անոր վրա ծածկված քողին ծայրը առաջին անգամ Ստրչիգովսկին է, որ վեր կբարձրացնե իր սրամիտ դատողությամբ առանց բոլորովին հիմնվելու պատմական անցքերու վրա։
Որչափ որ քիչ մը առաջ Ch. Diehl ալ կջանար Բյուզանդիոնի՝ հայոց վրա ունեցած ներգործությունը պատմությամբ հաստատել. սակայն, ինչպես կերևի, այնքան ալ գոհ չմնաց իր դատողութենեն հանդեպ հակասական երևույթներու և վերջապես քիչ մ'ալ ինքզինքին հակասելով կշարունակե իր տեսությունը։
Բյուզանդիոն և Հայաստան: Այստեղ կդրվի էական հարցը։ Ինչպես որ մեզ կթվի, իսկապես հայ արվեստը պարտական է բյուզանդականին, թե՞, ընդհակառակը, որևէ բան տված է անոր։
«Քանի մը տարիներ առաջ ոչ ոք չէր կասկածեր Բյուզանդիոնի՝ Հայաստանի վրա ունեցած ներգործությանը։ Այս ամենը Ստրչիգովսկի հեղաշրջեց։ Անոր կարծիքով՝ հայ իշխանական տոհմի մը՝ հանձին Վասիլ Ա կայսեր, Կոստանդնուպոլսո գահը բարձրանալը իր մասնավոր հետևանքը պետք էր որ ունենար արվեստի պատմության վրա, և նոր թագավորության մեծ հիշատակարանը Nea[1] պիտի բղխեր հայկական արվեստեն։ Հետևաբար նաև այն ստեղծագործությունը, որ նոր ճանապարհ բացավ Կոստանդնուպոլսո հողին վրա, և հունական խաչաձև եկեղեցվո հատակագիծը անունով պիտի դառնար Հայաստանեն ծագում առած։
«Այս տեսությունը, հիրավի, մասամբ հանճարեղ և համոզիչ է։ Անվիճելի է, որ Հայաստանի բախտախնդիրներ բազմությամբ կերթային մայրաքաղաքին մեջ բախտ փնտռելու։ Անոնցմե շատերը վարչական, զինվորական և արքունական բարձր պաշտոններու կհասնեին։ Հայեր տիրապետեցին նույնիսկ կայսերական գահուն, ինչպես Ռոման, Նիկիփոս, Չմշկիկ։ Հայաստանի և մայրաքաղաքին մեջ զորապետներու և քաղաքագետներու երթևեկությունն անպակաս էր։ Հայաստանի փոքրիկ գերիշխանները շարունակ կայցելեին սրբազան պալատը դաշնակիցներ, տիտղոսներ և թոշակներ ձեռք բերելու համար։ Ցեղապես գործունյա, հանճարեղ, շահասեր և դժբախտ հայը աշխարհի ամեն կողմը տարածված էր. 11 և 12-րդ դարերուն հայ նկարիչներ կգտնենք Երուսաղեմի և Եգիպտոսի մեջ։ Կոստանդնուպոլսո մեջ կհանդիպինք իրավագետներու և, որ ավելի կարևորն է, ճարտարապետներու։ 10-րդ դարուն վերջը, երբ երկրաշարժը 989 թվականին ս. Սոփիայի գմբեթը կործանեց, հայ ճարտարապետներ աշխատեցան վերանորոգության մեջ, անոնց մեջ կար Տրդատ մը, որ Անիի կաթուղիկեի ճարտարապետն էր։
«Մյուս կողմանե անվիճելի է, որ բյուզանդական եկեղեցիներե ոմանք հայկական քանի մը շենքեր հիշեցնող հատակագծեր ունին, մասնավորաբար կհիշատակվին երեքխորանյան սրբարանները, որոնք կգտնվին 10-րդ դարու վերջերը Աթոսի ամենամեծ եկեղեցիներուն մեջ, որոնցմե մեկը ճշտիվ ցույց կտրվի, թե իբերիացիներու շինածն է, և, վերջապես, կնկատվի, որ 10-11-րդ դարերուն մեջ այնքան ինքնուրույն և բեղմնավոր հայկական արվեստը չէր կարող իր ինքնուրույնությունը պահել, եթե անիկա բյուզանդականի ազդեցության տակ ըլլար։
«Ցույց տրված իրողությունները ճիշտ են, բայց բացարձակապես համոզիչ են. չեմ կարծեր։ Այս ալ իրողություն մ'է, որ ամեն երկու քաղաքակրթության մեջ կպատահի, այն է՝ թե ավելի զարգացողը կազդե մյուսին վրա։ Արդեն ոչ ոք ալ չէ կարող ուրանալ, որ 10-րդ դարու Կոստանդնուպոլիսը առանձնապես գերիշխան չեղավ Հայաստանի վրա։ Մյուս կողմանե այս պատճառաբանությանց մեջ կմտնեն շատ մը ենթադրություններ, վերջապես, մենք բավական վատ տեղեկություն ունինք,— Ստրչիգովսկի ինքն ալ ստիպված է խոստովանելու էական շենքին վրա, որուն շուրջը կդառնա վեճը, այսինքն նոր եկեղեցվո ճարտարապետական հատկություններուն վրա, այնպես որ դժվար է գիտնալ, թե անիկա որևէ առնչություն ունե՞ր հայ արվեստի հետ։ Եռախորան հատակագիծը մյուս կողմանե ավելի լավ կարող էր գալ Աթոս, ուղիղ Կոստանդնուպոլսեն, ուր գործածության մեջ էր 7-րդեն մինչև 9-րդ դար։ Եվ վերջապես քանի մը հայկական շենքեր, հեռու բյուզանդական ճարտարապետներու ներշնչումեն, կթվին որպես հետաքրքրական այլազանություններ, հանճարեղ շինողներու ձեռքով նմանցված Կոստանդնուպոլսեն բերված ոճերուն, ըլլա անկյունափող, ըլլա հունական խաչաձև եկեղեցի։
«Դրված կմնա ուրեմն մութ. ինչ որ կարելի է և համաձայնելի, այն է, որ Հայաստանի մեջ պահված ասիական արվեստի հին ավանդությունները, մյուսլիման երկրի դրացնութենեն հառաջ եկած ազդեցությունները այս երկրին մեջ հակակշռված են բյուզանդական ազդեցության հետ. և ստեղծագործելու մեջ հմուտ ու ճարպիկ ճարտարապետներու ձեռքին մեջ հառաջ եկեր է արվեստ մը,
- ↑ Ս. Զորավար եկեղեցի կանվանե այս եկեղեցիին Ստ. Ասողիկ: