Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարավային ճակատներն են, որ վնասվեր են և հաճախակի մեծամեծ նորոգություններու և կարկատաններու են ենթարկվեր, այդ պատճառով ալ միշտ, ամեն մի հիշատակարանի հնագույն ձևերու բնորոշ մասերը կգտնվին հյուսիսային պատերուն վրա։ Այս զարմանալի երևույթին պատճառը բացատրել թողլով բնագետներուն, ես, իբրև ապացույց այս ըսածիս, այստեղ կթվեմ կարգ մը հիշատակարաններ, որոնց հյուսիսային պատերը մնացել են միանգամայն անվնաս, իսկ հարավային պատերը մեծապես վնասվելով՝ կամ վերանորոգվեր են քանիցս և կամ ամբողջովին քանդվեր գնացեր են։

Տեկորի եկեղեցին հարավային կողմեն բոլորովին հալված վիճակի մեջ էր, այդ պատճառով ալ վերևի գմբեթը ծռված էր դեպի այն կողմին վրա։ Վերջապես քանի մը տարի առաջ այդ պատը ամբողջովին փլավ։

Գառնիի ավերակ մեծ եկեղեցիին հյուսիսային և արևելյան պատերը գրեթե կանգուն են, իսկ հարավային և արևմտյան պատերը միանգամայն հողին հավասարած են։

Մրենի կաթուղիկեին հարավային պատին կեսեն ավելին հիմեն վեր վերստին նորոգված է, որուն մասին գրեցի «Ախուրյան» թերթին մեջ, ճանապարհորդությանս ժամանակ։ Այժմ ալ նույն պատը վտանգված է։

Աշտարակի եկեղեցիին հարավային պատն այնքան հաճախակի նորոգություններու են ենթարկեր, որ գրեթե դրսի կողմեն հին պատեն քար չէ մնացած։

Էջմիածնի կաթուղիկեին հարավային պատն է, որ զառամած վիճակի հասել է և միշտ վտանգ կսպառնա այդ կողմեն, մինչդեռ հյուսիսային պատը կարող է երկար դիմանալ այդ վիճակին մեջ։

Անիի մեջ, մեծ կաթուղիկեն և միջնաբերդի հարավային լանջի վրայի փոքր եկեղեցվույն հարավային պատերն են, որ միշտ փլուզման վտանգ կսպառնան, մինչդեռ հյուսիսային պատերը կարող են դարեր ապրել:

Նմանապես Անիի մեջ, Կզկալայի եկեղեցվո և քաղաքի միջի վրաց եկեղեցվո հարավային պատերն են, որ գրեթե ամբողջովին ընկած են։ Մզկիթի (այժմ թանգարան) հարավ-արևմտյան պատն էր, որ քանդված էր, որը վերջերս կարկատվեցավ թանգարանի համար:

Շիրակավանի եկեղեցվո հարավային պատն ամբողջովին խարխլած է դրսից և քարերը թափվելու վիճակին հասած, մինչդեռ հյուսիսային պատը բոլորովին անեղծ պահված է: Այս գյուղի արևելյան կողմը, բլուրի մը գլխին շինված 7-րդ դարու ավերակի մը հյուսիսային պատն է կանգուն:

Մարմաշենի Վահրամաշեն եկեղեցվո հյուսիսային կողմը, բլուրի մը վրա շինված 7-րդ դարու եկեղեցիի մը հյուսիսային պատն է միայն կանգուն:

Բագարան գյուղին միջի ավերակ եկեղեցիեն հյուսիսային պատ մը միայն կա:

Տամջըլուի գերեզմանատան մեջ 5-7-րդ դարերու եկեղեցվո մը հյուսիսյաին պատը միայն կանգուն է։

Արգինայի կաթողիկոսարանի եկեղեցվո հյուսիսային և արևմտյան պատերն են միայն կանգուն, մյուս մասերն ամբողջովին կործանված են:

Կարող եմ անվերջ թվել այս օրինակները, ուստի զարմանալի չէ, որ Քասաղի եկեղեցվո հարավային պատի վրա սյունազարդ սրահի հետքեր չեն մնացեր, որովհետև մշտապես շեն պահված եկեղեցիներ միշտ ենթակա են փոփոխություններու։ Այդ եկեղեցին, որ մինչև այսօր շեն մնացեր է, բնականաբար, հաճախակի նորոգություններու շնորհիվ պահեր է գոյությունը։ Եվ ես կկարծեմ, որ սրահին ամբողջական քանդումն ալ շատ հին ժամանակի գործ չպետք է լինի, որ այնտեղ մինչև այսօր կմնան սրահի սյուներու խոյակներեն և խարիսխներեն նմուշներ:

Անշուշտ, միևնույն ճակատագրին են ենթարկվեր մյուս բոլոր շեն ու անշեն եկեղեցիները, որոնց հյուսիսային պատի վրա մնացեր են սյունազարդ սրահի հետքեր, ինչպես Գառնի, Եղվարդ, Մոլա-Կասում և ուրիշներ, իսկ հարավային պատերուն վրա անհետացել են փլուզմամբ կամ կարևոր նորոգություններով։

Ինչպես կտեսնվի տրված ապացույցներեն, եկեղեցիներուն շրջապատ սյունազարդ սրահ ունենալու նորաձևությունը տևել է մինչև 5-րդ դարու վերջը, հետևաբար այն բոլոր եկեղեցիները, որոնք ունին անհամեմատ համաչափությամբ երկար քառակուսի հատակագիծ, որուն կընկերանան հաճախ սյունազարդ սրահներ և արևելյան կողմեն նեղ ու երկար, երկայնության կողմեն դեպի հյուսիս և հարավ երկարած սենյակներ պարունակող դուրս ցցված թևեր, և թևերուն վրա երբեմն պատշաճեցուցված բացօթյա խորաններ, անոնցմե ոչ մեկը չէ կարող 5-րդ դարեն այս կողմ անցնել։

Ամենայն հավանականությամբ, Դիրաքլարի եկեղեցին ևս ունեցեր է որևէ կողմի վրա սյունազարդ սրահ, որովհետև, թեև շենքին վրա որոշ փաստեր չկան, նամանավանդ արևմտյան կողմին վրա, սակայն, նախ՝ որ մյուս բոլոր նման եկեղեցիներուն մեջ արտաքին բացօթյա խորաններն ամփոփված են սյունազարդ սրահի մը ներքև, և քանի որ այս եկեղեցվո հարավային կողմին վրա ալ շիներ են այդ խորանը, դժվար թե առանց ծածկի եղած լիներ: Երկրորդ՝ գյուղի Դիրաքլար անունը ենթադրել կուտա, որ անպայման այդ եկեղեցվո սյունասրահեն ստացեր է անունը, և անոր թուրքերեն լեզվով Դիրաքլար (սյուների բնորոշումը ցույց կուտա, թև շատ վաղ ժամանակ չէ, որ անհետացեր են սյուները և սրահը։ Անշուշտ՝ այժմյան գյուղացիներեն առաջ այնտեղ գյուղ հիմնող մահմեդականներ դրին այդ անունը։ Այժմյան, գյուղացիներով, ամենեն ծերերն անգամ այս մասին ոչինչ չգիտեն, իրենք գտեր են կիսավեր վիճակի մեջ և հաստատեր են նախկին անունով իրենց բնակությունը, և շենքի մասին համոզված են, ոը ուռմի ժամ է եղած՝ արևելյան կողմեն կիսաբոլորակ խորան և պատուհաններ բնավ չունենալուն պատճառով։